Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713-րդ խաչը
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 2013 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 16.00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն. այն է՝ Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
Համաժովրդական տոնախմբությունը սկսվելու է հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից 1713-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետև խաչը թափորով, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվելու և ամրակցվելու է Սուրբ Խաչին:
Խաչադրման արարողությունից հետո հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, աղանդերով ու սուփրայով ուրախ տոնահանդես կկազմակերպեն: Ամենուր կհնչի զուռնան ու դհոլը, քոչարին կգոտևորի Արագածի լանջերը: Երեկոյան` Սուրբ Խաչից շողարձակող լույսերի ներքո, տեղի կունենա մոմավառություն , որին հաջորդելու է խարույկների շուրջ հեղինակային երգերի կատարում, այնուհետեւ միասնաբար, միակամ, միաձույլ բազմությամբ շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը: Տոնախմբությանը մասնակցելու են և իրենց երգով, արվեստի հմայքով ժողովրդին ոգևորելու են հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, բեմական և պարավեստի գեղարվեստական խմբեր:
Սիրելի հայրենակիցներ, համաժողովրդական տոնախմբությանը կարող եք մասնակցել Ձեր ընտանիքներով, հարազատներով, աշխատանքային կոլեկտիվներով, կարող եք կատարել կնունքի և մատաղի արարողություն:
Խաչադրմանը հրավիրված են նաեւ հասարակական և մշակույթային անվանի գործիչներ, գիտնականներ, գրողներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հարգելի հայրենակիցներ, Խաչադրման արարողությանը մասնակցելու համար ավտոշարասյունը Երեւանից դեպի միջոցառման վայր անվճար կտեղափոխի և միջոցառման ավարտից հետո տուն կվերադարձնի մասնակիցներին:
Ավտոշարասյունը Երևանից մեկնելու է ժամը 14.30, Գ. Հասրաթյան փողոցից, (Աջափնյակ վարչական շրջան, Ապարանի նախկին ավտոկայան):