Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայողի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել ադրբեջանական սահմանը հատած շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:

«Դեռևս չեն հանդիպել գերու հետ, բայց ինչպես մինչև այդ է նշվել՝ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են ԿԽՄԿ-ին, որ իրենց մոտ հայ գերի կա, և ԿԽՄԿ-ն հիմա ընթացքի մեջ է, որպեսզի դիմի իշխանություններին այդ գերուն այցելելու համար»,- ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:

Մեր հարցին՝ արդյոք մինչ այժմ հայ զինվորին չհանդիպելու պատճառը պաշտոնական գրագրություննե՞րն են, թե՞ այլ խնդիր կա, ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակից պատասխանեցին. «Ընդհանրապես դա ընթացք է, որը պետք է տեղի ունենա»:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր վիճակում: Զինծառայողների հարազատները հայտնել էին նաև, որ զինծառայողը տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել: Նրանց խոսքով՝ տեսողական խնդիրներն այնքան խորը չեն եղել, որ Հակոբն ազատվեր ծառայությունից, և նա Ադրբեջանի սահմանը հատել է ոչ այդ պատճառով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս