Հակառակորդի սահմանն անցած զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից է

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում, մեկ տարվա ծառայող էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը` նշելով, որ այս պահի դրությամբ որևէ նորություն չկա զինվորի մասին:

Գյուղապետի փոխանցմամբ Հակոբի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում. «Ահավոր վատ են ապրում էդ մարդիկ, սոցիալապես շատ վատ պայմաններում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հակոբի ընտանիքում բնակվում են հայրը, մայրը, Հակոբի քույրերն ու եղբայրը:

1991թ. ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ սահմանը հատելու ժամանակ Հակոբը, շրջանառվող տեղեկությունների համաձայն, գնացել էր ջուր բերելու: Գյուղապետի փոխանցմամբ՝ հայրն այսօր հանդիպել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք խոստացել են ամեն ինչ անել՝ իրենց տղային վերադարձնլու համար:

Հիշեցնենք, որ կատարվածի վերաբերյալ քիչ առաջ Ֆեյսբուք սոցիալակն կայքի ի էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Հ. Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս