Ադրբեջանում գերեվարված զինծառայողի ընտանիքը հույսով սպասում է
Օգոստոսի 8-ի գիշերը մոլորվելով Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի ազգական Նորիկ Ինջիղուլյանն
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ Հակոբն օպտիկական ակնոցներ է կրել նախկինում, բայց տեսողական խնդիրներն այնքան խորը չեն եղել, որպեսզի ԶՈւ-ում ծառայելուց ազատվեր: Ըստ նրա՝ նույնիսկ ծառայության ընթացքում այդ խնդիրներն իրենց մասին զգացնել չեն տվել, ուստի սահմանի մոտ տղայի մոլորվելը չպետք է կապել տեսողական խնդիրների հետ: Պարզապես մոլորվել է՝ ըստ Նորայր Ինջիղուլյանի, թեև մանրամասներն իրենց էլ հայտնի չեն:
«Առաջին իսկ օրը դիմել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ, ամեն ինչ խոսել ենք, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, մեզ ասել են, որ պարզապես Ադրբեջանում հանգստյան օրեր են, երկուշաբթի-երեքշաբթի նոր պատասխան կլինի: Իրենք ամեն ինչ գիտեին, լավ ընդունեցին, բացատրեցին, ասացին, որ հույսեր կան, և ամենալավն այն է, որ Ադրբեջանում չեն հրաժարվում, որ երեխեն իրենց մոտ է: Կարմիր խաչն ու ՊՆ-ն հույս են տալիս, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Նորայր Ինջիղուլյանը:
Նա բացառել է այն տարբերակը, որ Հակոբը ծառայությունից փախչելու նպատակով հատած լիներ սահմանը, քանի որ հաճույքով է անցել ծառայության և հաճույքով էլ ծառայել, ընտանիքն էլ վերջին անգամ Հակոբի հետ խոսել է երեքշաբթի օրը, և նրա տրամադրությունը նորմալ է եղել:
«Ինչ վիճակի կլինի էն ընտանիքը, որի երեխեն ադրբեջանցիների մոտ լինի: Չգիտենք՝ անհույս վիճակ է, բայց համ էլ սպասումների մեջ ենք»,- ասել է Նորայր Ինջիղուլյանը: