Մոսկվայի արբիտրաժային դատարանն օգոստոսի 23–ին կքննի Միջպետական բանկի` 25 մլն դոլարի հայցը «Նաիրիտի» նկատմամբ
Մոսկվայի արբիտրաժային դատարանն օգոստոսի 23–ին է նշանակել նախնական լսումները` հայկական քիմիական հսկա, ԽՍՀՄ–ում միակ սինթետիկ կաուչուկի գործարան հանդիսացած «Նաիրիտ» գործարանի նկատմամբ Միջպետական բանկի` 25.183 միլիոն դոլար գանձելու վերաբերյալ հայցը, РАПСИ–ին են հայտնել դատարանում։
Ավելի վաղ դատարանը վերադարձրել էր բանկի հայցը` բացատրելով, որ այն տրվել է ենթադատության կանոնների խախտմամբ։ Հայցը, առաջին ատյանի դատարանի սահմանման համաձայն, պետք է տրվի պատասխանողի գտնվելու վայրով, որը գրանցված է Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն վերաքննիչ ատյանը չեղյալ է հայտարարել դատարանի այդ սահմանումը։ Վճռաբեկ ատյանի դատարանը, ինչպես նաև ՌԴ Գերագույն արբիտրաժային դատարանը հաստատել են բողոքարկման սահմանման օրինականությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բանկը Մոսկվայի արբիտրաժային դատարան է դիմել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի հայցով։ Պատասխանողը վարկի երաշխավոր է, որը տրվել է դրա սեփականատիրոջը` Rhinoville Property Limited–ին։
Հոկտեմբերին Մոսկվայի արբիտրաժը կշարունակի լսումները բանկի ևս մեկ հայցով Rhinoville Property Limited–ի և «Նաիրիտ Գործարանի» նկատմամբ` 25.183 մլն դոլարի գանձման վերաբերյալ։ Ինչպես հայտնում էին ԶԼՄ–ները, բանկը 2006 թվականին 70 միլիոն դոլարի վարկային գիծ է բացել Rhinoville Property Limited ընկերությանը։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:
2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։
Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ Բանկը հիմնվել է 1993 թվականին` ԱՊՀ տասը երկրների կողմից` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի։ Միջպետական բանկը ներկայացուցչություններ ունի Հայաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում։