Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծեն ժողովուրդները և ոչ թե մարդկանց նեղ շրջանակը. Իբրահիմբեկով
Georgian Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանական ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Ադրբեջանի իշխանությունների հետ իմ հարաբերությունները շատ են վատթարացել հենց նրա համար, որ ես հայտարարել եմ, որ ճիշտ չէ Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը: Երկու ժողովուրդներն էլ միանման տուժել են այդ թշնամանքից:
Ես կտրականապես դեմ հայերին ադրբեջանցիների դեմ և ադրբեջանցիներին հայերի դեմ լարելուն: Վաղ թե ուշ այդ հակամարտությունը կարգավորվելու է պետությունների միջև, իսկ ժողովուրդների թշնամանքը կարող է մնալ ողջ կյանքի ընթացքում:
Ես կտրականապես դեմ եմ այն պնդումներին, թե անհրաժեշտ է զենք վերցնել և ոչնչացնել հայերին: 21-րդ դարում չի կարելի հակամարտությունները լուծել զենքի միջոցով: Մյուս կողմից էլ ես համոզված եմ, որ Ադրբեջանի, թերևս նաև Հայաստանի կառավարությանը մեծապես ձեռնտու է այսպիսի իրավիճակը:
Նրանք հակամարտության լուծման պատրանք են ստեղծում, քանի որ իրականում դա չվերահսկվող եկամուտների և իշխանության աղբյուր է: Դա գործիք է, որով յուրաքանչյուր պահի կարելի է երկրում հայտարարել ռազմական դրություն: Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է նեղ շրջանի մարդկանցից դուրս գա ժողովուրդների մակարդակ»:
Անդրադառնալով ընդդիմության թբիլիսյան հավաքին, որը,ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, անցկացվել է «հային պատկանող» հյուրանոցում՝ Իբրահիմբեկովն ընդգծել է, որ ադրբեջանական բոլոր հեռուստաալիքները մի քանի ժամ շարունակ ցեխ են շպրտել իր հասցեին.
«Բաքվում արդեն 6 հեռուստաալիք հայտարարել է, որ Իբրահիմբեկովն այնքան հայամետ է տրամադրված, որ հանդիպում է կազմակերպել հայի հյուրանոցում: Նախ, ինչպես պարզվեց ավելի ուշ, հյուրանոցի տերը վրացի էր՝ թեև դա մեզ երբեք էլ չի հետաքրքրել:
Բացի այդ, որտեղ էլ որ մենք անցկացրել ենք մեր հանդիպումները, մենք երբեք չենք հետաքրքրվել սեփականատերերի ազգություններով: Ահա դա է ադրբեջանական առաջատար հեռուստաալիքի պարզունակ ու հիմար մտածելակերպը:
Ադրբեջանցի հայտնի գրող Էքրեմ Այլիսլին գիրք գրեց իր հայրենի գյուղի մասին, որտեղ կար հայկական 7 եկեղեցի և իր համակրանքը հայտնեց հայ ժողովրդի նկատմամբ: Դրա համար նրան կարելի էր քննադատել, սակայն սկսեցին այրել նրա գրքերը, նախագահը հրաման արձակեց և նրան զրկեց բոլոր պարգևներից ու նպաստներից, պարգև սահմանեցին նրա ականջը կտրողի ու բերողի համար:
Էքրեմ Այլիսլիի գիրքը կարդալու էին ինչ-որ քանակությամբ մարդիկ, սակայն համայն աշխարհն իմացավ, որ Ադրբեջանում կտրում են գրողների ականջները: Այսինքն, այս իշխանությունները վարկաբեկում են իմ ժողովրդին: Ինձ համար ամոթալի է, որ Ադրբեջանը ղեկավարում են նման մարդիկ»: