«Բան չկա, կգնա, կնստի մի քանի տարի ու կգա»
Հուլիսի 11-ին կալանավորվել է գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ազատամարտիկը կեղծ փաստաթղթեր ներկայացնելու և զինվորական կենսաթոշակ ստանալու մեղադրանքով, դատապարտվել էր երեք տարի ազատազրկման: Նա դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, սակայն վճիռն անփոփոխ էր թողնվել: Իսկ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չէր ընդունել: Այս մասին հաղորդում է asparez.am կայքը:
Ազատամարտիկը դատարանին փաստաթղթեր էր ներկայացրել, որ կամավոր ընդգրկվել է չորրորդ գումարտակի կազմում, ուներ այն տեղեկանքները, որոնցում նշված էր, որ մասնակցություն է ունեցել մարտերին, իսկ 1994 թվականի ապրիլին վիրավորվել է արկի պայթյունից, ստացել է բեկորային վնասվածքներ և կոնտուզիա:
Հովհ. Բաղդասարյանը սեփականություն չունի, բնակվում է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան թանգարանի շենքում՝ ծեր մոր և քրոջ հետ: Մայրը Ասյա Մինասյանը, պատմում է, որ նախօրեին, երբ որդին տնից դուրս էր եկել, առօրյա գործերով, իրենց տուն էին եկել երկու ոստիկան և նրան հարցրել: Մայրը կռահել էր, թե նրանք ինչու կարող էին գալ ու պատմել էր, որ իր որդին իսկապես կռվել է Ղարաբաղում, հիվանդությամբ է տառապում և դատարանը հիմքեր չուներ դա անտեսելով նրա նկատմամբ պատիժ սահմանել՝ դատապարտել երեք տարի ազատազրկման:
Երեկոյան ոստիկանները կրկին էին եկել, երբ արդեն Հովհաննեսը տանն էր եղել: Մոր աղաչանք-պաղատանքին տեղի էին տվել, թույլատրելով գիշերն անցկացնել տանը, բայց առավոտյան ներկայանալ ոստիկանական բաժանմունք: Մայր ու որդի առավոտյան գնացել էին: Բաժանմունքում էլ Հովհաննեսին վերցրել էին կալանքի: Ոստիկանության մի սպա Ասյա Մինասյանի ընկճված վիճակը տեսնելով, հուսադրել էր նրան. «Բան չկա, կգնա, կնստի մի քանի տարի ու կգա»:
Ասյա Մինասյանը պատմելով, հիշում է թերթերի հրապարակումներից մեկում որդու խոսքերը. «Ես կգնամ, կնստեմ, իսկ մայրս այստեղ «հանգիստ» կմեռնի, առանց որդու դեմքը տեսնելու… Ի՜նչ ճիշտ էր ասել՝ այդպես էլ կլինի»: Նրան միջամտում է դուստրը.«Ես այդ օրը գնացել էի Երևան՝ վիրահատության, եկա, երբ արդեն եղբորս տարել էին: Դատարանում ասացին, որ փաստաթղթերը կեղծ է, բայց դա չապացուցվեց: Չհասկացանք, թե ինչու նրա ետևից ընկան, իսկ չկռվածներից ոչ մեկի չդատապարտեցին: Ու հիմա ոչ ոք՝ նույնիսկ հրամանատարը, տեր չեն լինում»:
Քույրը պատմում է, որ եղբայրը վատառողջ է, բայց նրա ունեցած փաստաթղթերն հաշվի չառան: Նա գտնում է, որ եղբոր նկատմամբ դիտավորությամբ են գործել: Վերաքննիչ դատարանն էլ, նրա խոսքերով, մեխանիկորեն, ոչինչ հաշվի չառնելով, նույնիսկ՝ առողջականը, վճիռն անփոփոխ թողեց: «Մարդը, հասարակ զինվորը, գնացել կռվի է մասնակցել, վերադարձել է՝ այդ փաստաթղթերը տվել են,-ասում է Ջուլիետա Բաղդասարյանը,-ինքը ի՞նչ կապ ուներ կեղծ փաստաթղթերի հետ: Փաստաթղթեր, որոնց տակ լիքը պատասխանատու մարդիկ էին ստորագրել: Իսկ, եթե կեղծ էին այդ փաստաթղթերը այդքան մարդը ինչու՞ էր կեղծիքի տակ ստորագրում»:
Այժմ Հովհաննեսը գտնվում է Արթիկի ՔԿՎ-ում, բայց ըստ հարազատների ունեցած տվյալների, հավանական է, որ նրան շուտով տեղափոխեն Կոշ ՔԿՎ:
Asparez.am, Սամվել Հունանյան