Բաժիններ՝

«Նաիրիտը» դատարկում են. գործարանում հարկադիր պարապուրդի նոր ալիք է սկսվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր՝ Աշոտ Սարգսյանի «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենի պաշտոնից հեռանալը բոլորովին լավ բան չէր հուշում քիմիական հսկայի ճակատագրի հետ կապված: 168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում բավականին լարված իրավիճակ է տիրում. գործարանի գրեթե բոլոր աշխատակիցներին կամ նրանց մեծ մասին ուղարկում են հարկադիր պարապուրդի: Ընդ որում՝ առաջնահերթ պարապուրդի են ուղարկում այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաներին և փորձել են պաշտպանել իրենց իրավունքները: Գործարանում մնում են միայն ղեկավարությանը «հավատարիմ» չափազանց փոքր թվով աշխատակիցներ, ովքեր չեն ընդվզի և իրենց տեսածն ու լսածը հանրության սեփականությունը չեն դարձնի:

168.am-ն արդեն գրել էր, որ «Նաիրիտում» օտարերկրացի հյուրերի են սպասում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրավերով անգլիական մի ընկերություն գործարանում աուդիտ է իրականացնելու էկոլոգիայի գծով և հարց է դրվելու՝ արդյոք կարո՞ղ է նման գործարանն աշխատել քաղաքում: Հաշվի առնելով ներկայիս զարգացումները («Ռոսնեֆտի» հրաժարականը «Նաիրիտից»)՝ սպասվում է, որ աուդիտորական ընկերության եզրակացությունը դրական չի լինի և կորոշվի, որ գործարանը պետք է քաղաքից առնվազն 15 կմ հեռավորության վրա գտնվի, և դա ՀՀ իշխանությունների համար շատ հիմնավոր պատճառ կդառնա, որ «Նաիրիտը» փակեն: Եվ շատ կարևոր է, որ այս «աուդիտ» կոչեցյալի ու իրադարձությունների հետագա զարգացումների ընթացքում անցանկալի աչքեր չլինեն գործարանի տարածքում:

«Նաիրիտն» այսօր իսկապես մեծ բեռ է դարձել ՀՀ կառավարության համար: Չաշխատելու պայմաններում ամսական միայն 1 մլն դոլար աշխատավարձի ծախսն է, 10-15 մլն դրամ էլեկտրաէներգիայի, 2 մլն ջրի ծախսն է, հավելած ԱՊՀ Միջպետական բանկին ունեցած պարտքերը:

Անցած ամսվա վերջին ՀՀ կառավարությունը որոշեց «հետաձգել» գործարանի վերազինման աշխատանքները՝ պատճառաբանելով, թե այդ ծրագիրը պետք է սկսել միայն օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո: Եվ այժմ հնարավորինս շատ գումար խնայելու նպատակով աշխատակիցներին ուղարկում են հարկադիր պարապուրդի:

Սակայն, մեր աղբյուրների համաձայն՝ շարունակելու են «աշխատել» գլխավոր տնօրենի բոլոր 9 տեղակալները, որոնցից յուրաքանչյուրի աշխատավարձը շուրջ 3.5 մլն դրամ է: Ներկայումս «Նաիրիտում» հաշվառված են շուրջ 2800 աշխատակիցներ: Շուրջ 1400 բանվորներ արդեն հարկադիր պարապուրդում էին: Հիմա մնացած աշխատակիցների կեսից ավելին ևս ստիպված կլինի տանը նստել:

Խնդիրն այն է, որ այս բանվորները միջինում ստանում են 60-70 հազար դրամ աշխատավարձ: Մոտավոր հաշվարկներով՝ կառավարությանը կհաջողվի տնտեսել ամսական 10 մլն-ից առավելագույնը 20 մլն դրամ գումար: Իսկ ահա փոխտնօրենները և մնացած ղեկավար կազմը, որ փաստացի նույնպես անելիք չունեն գործարանում, բայց բազմակի անգամ ավելի աշխատավարձ են ստանում (500 հազար դրամ և ավելի), մնալու են ու «վայելեն գործարանի ամայացած պատերը»:

Մեր տեղեկությունները պաշտոնապես հաստատելու համար դիմեցինք «Նաիրիտի» լրատվական ծառայություն, սակայն հայտնեցին, որ գործարանի տնօրեն Հովհաննես Հախինյանը «խիստ զբաղվածության պատճառով» մեր հարցերին կպատասխանի ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս