Բաժիններ՝

«Պարենք միասին» նախագիծը՝ Գյումրիում

Յուրաքանչյուր ժողովուրդ ժամանակի ընթացքում ստեղծում է իր ազգային առանձնահատկություններին համապատասխան պարային մշակույթ` պարարվեստ, որը, փոխանցելով սերնդեսերունդ, տարաբնույթ արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ փոփոխվում է, սակայն հիմքում մնում և պահպանվում են տվյալ ազգին հատուկ արտահայտչական, կառուցվածքային բնորոշումները, որով էլ տվյալ ազգը տարբերվում է այլ ժողովուրդներից:

Վեր-վերի, Շորոր, Թամզարա, Լորկե, Քոչարի, Յարխուշտա… սրանք հայկական բազմատիվ ու բազմազան պարերի ընդամենը մի քանի անվանումներ են: Հայկական ժողովրդական պարերը հայ մարդու մեջ արմատավորել են ազգապահպանության գաղափարներ և ազգային ավանդույթներ: Հայ ժողովուրդը թե՛ կատարումներով, թե՛ նկարագրությունների ձևով մեր օրեր է հասցրել խմբակային, միասնական պարերի ու մենապարերի բազում նմուշներ, որոնց ուսումնասիրմամբ է միայն հնարավոր քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել մեր բազմադարյա պարարվեստի մասին:

Հայակական պարարվեսը հասարակության լայն շերտին հասանելի դարձնելու, ինչպես նաև հայկական ժողովրդական պարերն առավել հետաքրքիր ներկայացնելու համար Գյումրիում մեկնարկել է «Պարենք միասին» ծրագիրը: Նախագծի մեկնարկը տրվել է դեռևս 2012 թվականին և շարունակվում է մինչ օրս: Ծրագրի նախաձեռնողներն են եղել «Գյումրիի ակտիվ երիտասարդական շարժումը» Շիրակի Թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական թևի հետ համատեղ:

Parenq miasin (3) Parenq miasin (2)

Տեսնելով նախագծի նկատմամբ հետաքրքրվածությունը նաև այս տարի` Գյումրիի «Կորյուն պատանյաց միությունը» և «Գյումրիի բարեգործական ջոկատը» սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական թևի աջակցությամբ 2013 թվականին վերսկսեց նախագիծը: Այն իրականացվում է ամառային շրջանում և կրում է պարբեարկան բնույթ: Պարուսույց, Շիրակի Թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Բագրատ Հովհաննիսյանի օգնությամբ ամառային շրջանում պարբերաբար, կախված եղանակային պայմաններից, քաղաքի մարդաշատ վայրերում` թատերական հրապարակում կամ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում հավաքվում են քաղաքացիներ, և պարուսույցի օգնությամբ փորձում սովորել հայկական ժողովրդական պարեր` զուգահեռաբար ծանոթանալով տվյալ պարերի պատմությանը, ակունքներին, մեկնաբանություններին ու առանձնահատկություններին: Տարիքային սահմանափակում չկա, սակայն նախագծին առավելապես մասնակցում են պատանիներ և երիտասարդներ:

«Պարբերաբար շփվելով տարբեր երկրների երիտասարդների հետ` զգում ենք, թե ինչքան կարևոր և ճիշտ է պարի լեզվով և պարի միջոցով ծանոթանալ ազգերի մշակութային առանձնահատկություններին: Այդ տեսանկյունից հայկական պարերն իհարկե ուրույն ու կարևոր տեղ են գրավում: Նման ծրագրերը հարկավոր են նաև քաղաքացիների ամառային ազատ շրջանի ժամանցը կազմակերպելու համար: ՞Պարենք միասինը» մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, ուստի այս տարի ևս վերսկսել ենք նախագիծը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նախագծի համակարգող-ղեկավար, «Գյումրիի  բարեգործական ջոկատի» անդամ, սոցիալ-կրթական կենտրոնի կամավոր Սոնա Խաչատրյանը:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս