Բաժիններ՝

Ազատամարտիկը որոշել է «Վերնիսաժում» վաճառել իր շքանշանները

Ազատության հրապարակում շարունակվում է Արցախյան հերոսամարտի մասնակիցների հայտարարած նստացույցը: Հիշեցնենք` նրանք Կառավարությունից պահանջում են իրենց կողմից բարձրացված խնդիրների կարգավորում, մինչդեռ երկրի ղեկավարությունը այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում:

Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը, ով ավելի շատ հայտնի է Ապար մականունով, ասել է, որ հատկապես պաշտպանության նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում ազատամարտիկների առջև ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

«Իմ կարծիքով ՊՆ պիտի ճանաչի իր ազատամարտիկներին, պիտի ունենան կաբինետներ, որոնք պարտավոր են զբաղվել ազատամարտիկների հարցերով իհարկե ճշգրտված վիճակով: Շատ ցանկալի կլիներ որ ե´ւ ՊՆ-ն, ե´ւ Կառավարությունը ճիշտ մտածելակերպով մոտենային երկրի համար իրենց կյանքը դրած մարդկանց, զոհված տղաների ընտանիքների հարցերին: Իսկ այդ ամենը որ քսան տարի է անտեսված է դարձել, դա շատ վիրավորական է»: Ազատամարտիկը որոշել է վաճառել իր մեդալները: «Մարդ կա էնքան մեդալ ունի, հմի Վերնիսաժում էլ են վաճառում, որ առնող լինի, ես իմն էլ կվաճառեմ»,- ասել է Էդվարդ Ներսիսյանը:

Ըստ ազատամարտիկի` հիմա մեդալներ ու կոչումներ են ստանում նրանք, ովքեր հայտնի չեն ոչ մեկին: «Որովհետև այդ մեդալը իմ համար նշանակություն չունի, բոլորն էլ ունեն, կռվածն էլ ու չկառվածն էլ: Ռուսաստանից եկածն էլ ունի, մեկը մորքուրի լավ տղա ունի ու ստեղից- ընդեղից մեդալ են կպցրել ու կախում են վրեքը»:

Էդվարդ Ներսիսյանին զայրացրել է հատկապես գործող նախագահ Սերժ Սարգսյանի անտարբերությունը իրենց նկատմամբ: «Սերժ Սարգսյանը պատերազմի ժամանակ սալյարկա է մատակարարել: Իսկ մենք կռվել ենք առաջին գծում, մենք ենք մեր կյանքը վտանգել, մենք մեկս մեկիս անգիր գիտեք, իսկ իրա՞նք: Մենք քիչ ենք եղել, իսկ այսօրվա վիճակով եթե երկրապահի տակ հաշվենք, էդի գալիս է 80 հազար, բայց էդքան որ լիներ, կարող ա Թուրքիան էլ գրավեինք»,- ասել է նա:

Էդվարդ Ներսիսյանը հայտարարում է, որ գեներալի կոչում ստացածները չպետք է որևէ կուսակցության շարքերը դասվեն, քանի որ այն պատիվ չի բերում իրենց: Ազատամարտիկը նշում է. «Այսօր գեներալներ են դարձել այն մարդիկ, ովքեր ներդրում չեն ունեցել: Մանվել Գրիգորյանը և մյուսները չպետք է լինեն ոչ մի կուսակցության մեջ, նրանք իրավունք չունեն: Ինչ է նշանակում այս կուսակցությունն է ղեկավարում, ուրեմն էդ կուսակցության մեջ պետք է լինեն: Մեր Կառավարության անդամները յոթը պետությանը երդում են տվել, կոմունիստներին էլ են երդում տվել, ՀՀՇ-ին էլ, ՊՊՇ-ին էլ, սաղին էլ երդում են տվել ու այսօր էլ իբր իրանք ազնիվ մարդիկ են: Ընդհանրապես պետք է վերածվի բոլոր կուսակցությունները: Մեր կռվող տղաների կուսակցությունը միակն է՝ դա ազգն է»:

Նա խոսել է նաև արտագաղթի ահագնացող տեմպերից և նշել հետևյալը. «Երկիրը հմի պառակտման մեջ է: Սա ներքին պառակտվածություն է` չհաշված արտաքին պառակտումը: Արտագաղթը, մեռանք ասելով, կանխեք, բայց իրանք թուլացնում են, ի՞նչ են ուզում, որ բոլորը իրենց վեշ -մեշոկները հավաքեն գնան, մնա միայն այս Կառավարությունը, ում են պետք իրանք»:

Galatv.am, Փայլակ Ֆահրադյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս