
Փոքր խանութներն ու օբյեկտները փակվում են. մամուլ

«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում իր գործունեությունն է դադարեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչև 5 աշխատող ունեցող խանութ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Այս տարվա հուլիսի մեկի դրությամբ Երևանում գործել է այդպիսի 6 հազար 768 խանութ, այնինչ անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ դրանց թիվը եղել է 7 հազար 911: Այլ կերպ ասած, գերփոքր խանութների թիվը Երևանում կրճատվել է միանգամից մոտ 15 տոկոսով:
Նույնն է վիճակը նաև ծառայություններ մատուցող գերփոքր օբյեկտների պարագայում: Մեկ տարվա ընթացքում 390 այդպիսի օբյեկտ դադարեցրել է իր գործունեությունը Երևանում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը չի վարում արտադրական և այլ գործունեությամբ զբաղվող օբյեկտների նման վիճակագրություն, բայց կարելի վստահաբար պնդել, որ բոլոր ոլորտներում վիճակը նույնն է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: