Բաժիններ՝

Երկրաշարժի ազդեցությունը Գյումրիի և գյումրեցու վրա

Տարիներ են անցել Գյումրիի ավերիչ երկրաշարժից, սակայն քաղաքը դեռևս չի կարողանում դուրս գալ այն երկարաձգված ճգնաժամից, որն, ասես, օր օրի այլ դրսևորումներ է ստանում: Հետաղետյան Գյումրին, թերևս, նոր է սկսում վերածնվել, սակայն սոցիալ տնտեսական ծանր իրավիճակն ու հացի խնդրի առջև կանգնած լինելը աղետ տեսած բնակիչներին չեն թողնում նայել առաջ ու հավատալ գալիք ապագայի պայծառ լինելուն:

Թե  ինչպես է երկրաշարժերի ազդեցությունը դրսևորվում մարդկանց մտածելակերպի և հոգեբանության վրա` փորձեցինք պարզել  Գյումրիի Քրիստոնեական հոգեբանության կենտրոնի աշխատակից,  բժիշկ հոգեբույժ Վաղարշակ Խաչատրյանից:

168.am-ի հետ զրույցում բժիշկը նշեց, թե տարերային աղետների ժամանակ մարդկանց մոտ առաջանում է գերակտիվ վիճակ կամ հոգեշարժական գրգռվածություն կարկամածության տեսքով: Դա կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր: Այդ սուր շրջանը հաղթահարելուց հետո՝ դրան հաջորդում է իրավիճակի մեջ կողմնորոշվելու շրջանը. մարդիկ գնահատում են կորուստները, ֆիզիկական և սոցիալական միջավայրի փոփոխությունները և այլն: Ժամանակի ընթացքում աստիճանաբար կարգավորվում է կենցաղը, այսքանով ավարտվում են տարերային աղետով պայմանավորված սկզբնական պրոցեսները:

Այս շրջանից հետո, եթե բավարար կերպով վերականգնվել են սոցիալ տնտեսական պայմանները, անձը, ըստ մասնագետի՝ կրկին մտնում է դրանց հետ համահունչ փոխհարաբերությունների մեջ: Սակայն եթե աղետից հետո սոցիալ տնտեսական միջավայրի բարելավումն ընթանում է անբավարար կերպով կամ բարելավումը որպես այդպիսին առհասարակ բացակայում է, անձի ռեինտեգրացիան դանդաղում է, կամ էլ՝ թերի է իրականանում, ինչն էլ առաջացնում է տարբեր վարքային, միջանձնային հարաբերությունների խանգարումներ, տկարություններ և այլն:

Gyumri-24-5  Gyumri-24-4

Խոսելով սոցիալ տնտեսական իրավիճակից` բավարար կլինի միայն ասել, որ աղքատության ամենաբարձր մակարդակը Շիրակի մարզում է` մոտ 48 տոկոս: Մարզում և կոնկրետ Գյումրի քաղաքում մեծ է գործազրկության և արտագաղթի մակարդակը: Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դուրս եկեք երեկոյան ժամերին քաղաք, դուրս եկեք ու Գյումրիի փողոցներով ման եկեք, տեսեք՝ որքան մարդ է մնացել էս քաղաքում: Մարդ չես տեսնի դուրսը, մարդիկ հեռանում են, թողնում են իրենց երկիրն ու գնում են»:

Հետաղետյան Գյումրիին նոր շունչ և ապրելու հույս թերևս տալիս է այն երիտասարդությունը, որը մնացել է քաղաքում և փորձում է ինչ-որ չափով օգուտ տալ քաղաքին: Սակայն քաղաքում ակտիվ երիտասարդները, մարդիկ, ովքեր չեն կարող անտարբեր մնալ քաղաքի առջև ծառացած խնդիրների նկատմամբ՝ շատ չեն: Գյումրիում նույնպես երիտասարդները փորձում են քաղաքացիական հասարակություն ձևավորել, որի վերջնական ձևավորման համար, սակայն, դեռևս երկար ժամանակ և ջանքեր են հարկավոր:

Gyumri-24-2

Gyumri-24-1

Gyumri-24-3

Գյումրի
Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս