Ո՞վ և ինչո՞ւ է ցանկանում միավորել Վանաձորի Պոլիտեխնիկական և Մանկավարժական ինստիտուտները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բուհերի խոշորացման նպատակով շրջանառության մեջ է դրել Վանաձորի Մանկավարժական և Պոլիտեխնիկական ինստիտուտների միավորման մասին որոշման նախագիծը: Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը տարբեր լրատվամիջոցներով, բնականաբար, ողջունում է ՀՀ կառավարության այս ծրագիրը և իր դրական վերաբերմունքն է հայտնում նախագծի վերաբերյալ: Հավանական է համարում նույնիսկ, որ նոր ուսումնական տարում իր բուհի ֆակուլտետներից մեկը կտեղափոխվի Պոլիտեխնիկ ինստիտուտ: Ի դեպ, Մանկավարժական ինստիտուտի ռեկտորի գործունեությանը մենք անդրադաձել էինք որոշ ժամանակ առաջ:
Վանաձորի Պոլիտեխնիկական ինստիտուտի ղեկավարներն ու դասախոսական կազմը դեմ են բուհերի միավորմանը: Նախ նրանք շենքային պայմանների անհարմարությունն են վկայակոչում: Պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր Արմեն Խառատյանի խոսքով` իրենց մասնաճյուղը դեռևս չի համապատասխանում միջազգային չափանիշներով սահմանված տարածական նորմերին: «Մեկ ուսանողին համապատասխանող մակերեսով մենք դեռևս նորմաներին չենք համապատսխանում: Այսինքն` պետք է 1 ուսանողին բաժին ընկնի 8 քմ մակերես լսարանային ֆոնդ, որը մեզ մոտ 7,2 քմ է: Այսինքն` հնարավոր չէ այստեղ բերել նաև այլ բուհի ուսանողներ, շենքը նույնիսկ մեզ չի բավարարում»,-ասում է նա:
Ռեկտորը զարգացման ավելի լավ նախաձեռնություն է համարում Կառավարության կողմից մշակված ավտոպարկի ստեղծման գաղափարը, որն անձամբ վարչապետի հանձնարարությամբ է իրականացվում: «Մեր 2 վթարային շենքերի բազայի վրա նախատեսված է Համաշխարհային բանկի միջոցներով ստեղծել տեխնոպարկ: Նախ դա բազա կլինի մեր ուսանողության համար, մեր դասախոսական կազմի համար, լաբորատոր հետազոտությունները զարգացնելու համար: Եվ կարևոր է նաև մեր մարզի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլագիաների զարգացման համար: Կարծում եմ, որ զարգացման այս ուղղությունը` տեխնոպարկի ստեղծումը, և Պոլիտեխնիկական ինստիտուտի ուժեղացումը, համագործակցելով նաև ամապատասխան քոլեջների հետ, շատ ավելի արդյունավետ կլինի ինժեներական կրթության զարգացման տեսանկյունից»,-համոզված է Արմեն Խառատյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն քանի տարի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն է: Այնպես որ, պատահական չէ, որ վարչապետը Մանկավարժական համալսարանի համար արտոնյալ պայմաններ ենթադրող որոշումներ է կայացնում որոշակի շահերից ելնելով: Իսկ տվյալ դեպքում ակնհայտ է, որ Մանկավարժական և Պոլիտեխնիկական ինստիտուտները բնույթով բոլորովին տարբեր ԲՈՒՀ-եր են, որոնց միավորումը պարզապես անհամատեղելի է: