Ինչպես է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը հեռացնում, վերականգնում և տեղափոխում ուսանողներին

ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2012թ. նոյեմբերի 13-14-ը Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում իրականացված` ուսանողների անձնական գործերի ընտրանքային ուսումնասիրության արդյունքներով պարզվել է.

Կարլեն Լոռյանը ռեկտորի` 2011թ. օգոստոսի 4-ի հրամանով հրամանագրվել է «Պատմություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգում:

2012-ի մարտի 7-ի հրամանով հեռացվել է ինստիտուտից` ներքին կարգապահական կանոնները հերթական անգամ խախտելու համար, իսկ 8 օր հետո` մարտի 15-ին, այդ հրամանը չեղյալ է ճանաչվել: Չեն պահպանվել ԿԳ նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի հրամանով հաստատված` «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի» պահանջները,  այն է` «Բուհից հեռացված (ազատված) արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան զինկոմիսարիատներ: Բուհից հեռացված ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները առնվազն 1 կիսամյակ հետո»:

Մոնիկա Քարամյանը 2012թ. սեպտեմբերի 28-ի հրամանով հեռացվել է ինստիտուտից ակադեմիական ցածր առաջադիմության համար: Դեկտեմբերի 19-ին դիմել է ռեկտորին` իր ուսանողական իրավունքները վերականգնելու խնդրանքով: Հունվարի 27-ի հրամանով վերականգնվել են ուսանողական իրավունքները, և նա կցագրվել է առկա ուսուցման համակարգ: Մարտի 26-ի հրամանով` հրամանագրվել է որպես 1-ին կուրսի 2 կիսամյակի ուսանող: Չեն պահպանվել ԿԳ նախարարի հրամանով հաստատված վերոնշյալ կարգի պահանջները, այն է` «Ուսանողական իրավունքների վերականգնման դիմումները ներկայացվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգում` ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Բուհից հեռացված ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները առնվազն 1 կիսամյակ հետո»:

Կարդացեք նաև

Մարգարիտա Պողոսյանի տեղափոխության ժամանակ (ՀՊՀՄ-ից ՎՊՄԻ) կրեդիտների քանակը 8 առարկայական տարբերությունների դեպքում կազմել է 21 կրեդիտ: Չի պահպանվել  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի պահանջների կատարումը, ըստ որի` «Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված` առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու»:

Ուսանողներ Օվսաննա Ղազարյանի, Ջեմմա Սանթրոսյանի և Արևիկ Ամիրյանի դիմում-հայտերի ընդունումը բուհի կողմից իրականացվել է սահմանված ժամկետից ուշ: Չեն պահպանվել ինչպես ԿԳ նախարարի հրամանով հաստատված`մագիստրատուրայի ընդունելության անցկացման կարգի, այնպես էլ նույն բուհի` ՎՊՄԻ-ի` մագիստրատուրայի ընդունելության համար գործերի ընդունման կարգի պահանջները:

Աստղիկ Ղուկասյանը 2010թ. հոկտեմբերի 26-ի հրամանով համարվել է «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող` 2010-11 ուստարվա 1-ին կիսամյակից: Մինչդեռ առարկայական տարբերությունների հանձնման համար սահմանված անհատական ժամանակացույցով` «Հայոց լեզու», «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» առարկաները հանձնել է 2010-ի հոկտեմբերի 27-ին: Այսինքն` ուսանողի հրամանագրումն իրականացվել է խախտումով` նշված առարկայական տարբերությունների համար սահմանված ժամկետից շուտ:

Աննա Գրիգորյանը 2010թ. օգոստոսի 17-ին դիմում է ներկայացրել ինստիտուտի ռեկտորին՝ տեղեկացնելով, որ սովորում է ՌԴ Դոնի Ռոստովի  «Հարավային ֆեդերալ համալսարանի»  «Օտար լեզուների և մշակույթի տեսություն և դասավանդման մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսում, խնդրել է ընդունել ինստիտուտի «Անգլերեն լեզու» մասնագիտության համապատասխան կուրսում:  Ռեկտորի` օգոստոսի 30-ի հրամանով Աննա Գրիգորյանի ուսանողական իրավունքները վերականգնվել են ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի առկա ուսուցմամբ վճարովի համակարգի «Անգլերեն լեզու» մասնագիտության  2-րդ կուրսի 1-ին կիսամյակից, և նրան թույլատրվել է մինչև սեպտեմբերի 30-ը հանձնել առաջացած 7 առարկայական տարբերությունները: Ապա ռեկտորի` սեպտեմբերի 11-ի հրամանով համարվել է բանասիրական ֆակուլտետի առկա ուսուցմամբ «Անգլերեն լեզու» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող:

Չի պահպանվել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու» կարգի պահանջը, ըստ որի` «Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում ԿԳ նախարարություն է ներկայացնում փաստաթղթերի փաթեթը: Փոխադրման մասին որոշումն ընդունում է ԿԳ նախարարը՝ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո»:

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի շրջանավարտ Գայանե Մանուկյանը ռեկտորի` 2010թ. օգոստոսի 27-ի հրամանով հրամանագրվել է` ուսումը շարունակելու ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի հեռակա ուսուցմամբ համակարգի 2-րդ կուրսի 1-ին կիսամյակից:  Եվ նրան թույլատրվել է մինչև սեպտեմբերի 30-ը հանձնել առարկայական 6 տարբերությունները: Սակայն սահմանված ժամկետում առարկայական տարբերությունը հանձնելուց հետո ռեկտորի` հոկտեմբերի 12-ի հրամանով Գ. Մանուկյանը համարվել է առկա ուսուցմամբ 2-րդ կուրսի ուսանող: Չի պահպանվել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու» կարգի պահանջը` «Մրցույթով անցածների` որպես ուսանող հրամանագրումը կատարվում է միջին և բարձրագույն կրթական ծրագրերի ուսումնական պլանների առարկայական տարբերությունների հանձնումից հետո` մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը»:

Ուսումնասիրության արդյունքում ԿԳ-ն հանձնարարել է ռեկտորին` արձանագրված թերությունները հետագայում բացառելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և կիրառել կարգապահական տույժ համապատասխան պատասխանատուների նկատմամբ: Մինչդեռ հենց իր` ռեկտորի վերաբերյալ որևէ կարգադրություն չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս