
Թուրքիայի ափերի մոտ զոհվել է 24 ապօրինի ներգաղթյալ

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 24 ապօրինի ներգաղթյալ է զոհվել այս գիշեր Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով: Ենթադրվում է, որ նավն ուղղվում էր դեպի հունական Լեսբոս կղզի:
Նավի վրա գտնվել է ավելի քան 30 ուղևոր: Թուրքիայի առափնյա պաշտպանությունը նավից ստացել է աղետի մասին ազդանշանը և շտապել օգնության: Նավը խորտակվել է Չանաքքալե (Դարդանել) նահանգի Էզինե շրջանի ափերի մոտ: Փրկվել է 12 մարդ:
Նավի խորտակման պատճառները դեռ անհայտ են մնում: Ամեն տարի մոտ 130.000 ապօրինի ներգաղթյալ է Ասիայի ու Աֆրիկայի աղքատ երկրներից Թուրքիայի տարածքով փորձում մուտք գործել Հունաստան: Շատերը դա փորձում են անել՝ փոքր նավերով Էգեյան ծովը հաղթահարելու միջոցով: