Տարոն Մարգարյանը հակադարձում է Գալուստ Սահակյանին. Եթե սպասարկման որակը չենք բարձրացնելու՝ ո՞նց կարող է թանկացում լինել

«Այս տարիների իմ աշխատանքը, շփումները երևանցիների հետ գալիս են ապացուցելու այն հանգամանքը, որ քաղաքացին ավելի որակյալ տրանսպորտի կարիք ունի, որը չպետք է զիջի եվրոպական երկրների տրանսպորտի սպասարկմանը»,- Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած շրջայցի ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ հասարակական տրանսպորտի թանկացումը կհանգեցնի սպասարկման որակի բարձրացմանը:

168.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հակառակի մասին էր խոսում` հայտարարելով, որ տրանսպորտի սպարկաման որակը գնի բարձրացմամբ չի բարելավվի, Տարոն Մարգարյանը նախ նշեց, թե ծանոթ չէ այդ հայտարարությանը, ապա նկատեց. «Որոշումը կասեցված է: Ամիսների ընթացքում շահագրգիռ բոլոր կողմերի հետ կքննարկենք, նաև միջազգային կառույցներին կհրավիրենք, որ այս ուղղությամբ մեզ օգնեն, աջակցեն: Եթե սպասարկման որակը չենք բարձրացնելու, կամ գինը բարձրացնելու ենք, կամ սպասարկաման որակը պատշաճ կարգով չենք բարձրացնելու ո՞նց կարող է թանկացում լինել: Առաջին անգամ ձեզնից եմ այդ տեսակետի մասին լսում: Սակագինը եթե բարձր լինի, մենք կկարողանանք այն որակը ապահովել, որը մենք բոլորս ենք ուզում, երևանցիներն են ուզում»:

Նա հավաստիացրեց, որ քաղաքացիները պետք է ունենան «ավելի լավ տրանսպորտ», ապա հավելեց, որ երևանցիների կողմից բավարար չի գնահատվում տրանսպորտի այսօրվա վիճակը: «Մեր քաղաքականությունն է նաև՝ միասնական տոմսեր ունենանք, որ դրանցով կարողանանք լգոտաները տրամադրել: Բայց սրա համար ժամանակ է անհրաժեշտ: Իսկ մինչ այս մենք արդեն պետք է սոցիալապես անապահով խմբերի ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որ չտուժեն»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս