Հերթական արտոնությունը «Գլորիային»
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան արդեն հերթական անգամ արտոնություն կստանա: ՀՀ կառավարության առաջիկա՝ օգոստոսի 1-ի նիստում նախատեսվում է թույլատրել ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը մինչև 2016 թ-ի սեպտեմբերի 29-ը:
«Գլորիայի» հիմնադիրներն են իտալական SARTIS ընկերությունը և Վանաձորի STYLISSA կարի ֆաբրիկան՝ 50-ական տոկոս մասնաբաժիններով:
Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակով` իտալական «SARTIS»-ընկերության պատվերների հիման վրա, որի համար հումք ու նյութերը ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով, իսկ այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու համար` տրամադրվում է պատվիրատուի կողմից և ներմուծվում են ՀՀ տարածք «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
2009 թ. սեպտեմբերին «SARTIS» ընկերության հետ կնքված պայմանագրով` 5 տարի ժամկետով ընկերությունը ներմուծել է 59 անուն մեքենա-սարքավորումներ: Նշված սարքվորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը ՀՀ կառավարության 2010 թ-ի սեպտեմբերի 24-ի N1253-Ա որոշմամբ երկարաձգվել է մինչև 2013 թ-ի սեպտեմբերի 29-ը: Ըստ կառավարության որոշման նախագծի՝ քանի որ նշված ընկերությունների համագործակցությունը վերջին տարիներին ընթացել է արդյունավետ, ուստի, այն շարունակական դարձնելու նպատակով` «SARTIS»-ի կողմից 2013-ի հունվարի 15-ին կնքվել է ընկերության հետ համագործակցության պայմանագիր ևս 5 տարի ժամկետով:
Սակայն ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին կից ներմուծված ապրանքների ցանկում ընդգրկված են նաև այլ ապրանքներ, որոնց համար օրենսդրությամբ սահմանված չէ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգման հնարավորություն, օրինակ՝ հոսքագծի սեղաններ, արմնկակալների թրջման սարքավորում, փականագործական մետաղյա սեղան, կարի արտադրական աթոռներ, կարի արտադրասեղաններ և այլն: Այս հիմնավորմամբ Պետական եկամուտների կոմիտեն առարկել է ընկերությանը արտոնություն տրամադրելու հարցին:
Նշենք, որ 2010 թ-ին ՊԵԿ-ը և ֆինանսների նախարարությունը կրկին առարկել էին «Գլորիային» ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելուն, քանի որ բացակայում էր ֆինանսական վարձակալության պայմանագիրը, ինչը պարտադիր է տվյալ դեպքում: