Բաժիններ՝

Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթելու է Ռուստամ Իբրահիմբեկովը. Զարդուշտ Ալիզադե

Haqqin.az-ին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեկնաբանել է երեկ Թբիլիսիում ադրբեջանական ընդդիմության հավաքվելու փաստը.

«Ընդդիմադիրների կողմից Թբիլիսիում հանդիպում անցկացնելու փաստը խայտառակություն է Ադրբեջանի ու նրա իշխանությունների համար: Եթե մինչ այս իշխանություններն անվերջ պնդում էին, թե Ադրբեջանում ընդդիմադիրները չեն հանդիպում որևէ խոչընդոտի, ապա այս հանդիպումից հետո նրանք, հազիվ թե, կարողանան արդարանալ:

Ողջ աշխարհը տեսավ, թե որքանով է տարբերվում նրանց խոսքը գործից: Դուք կարծում եք, որ եթե իշխանությունները թույլ չեն տալիս Ռուստամ Իբրահիմբեկովի մուտքն Ադրբեջան, ապա դա վկայո՞ւմ է նրանց ուժի մասին: Ո՛չ, սխալվում եք, դա վկայում է նրանց թուլության մասին:

Այժմ համայն աշխարհում վերստին հայտարարելու են ընտրությունների խարդախությունների ու կեղծիքների մասին, քանի որ իշխանություններն իրենց սկզբնական գործողություններով ապրիորի կասկածի տակ են դրել նախագահական ընտրությունների լեգիտիմությունը:

Ինչ վերաբերում է Իսա Ղամբարին՝ որպես ընդդիմության պահեստային թեկնածուի, ապա «Մուսավաթ» կուսակցության նախագահը չունի այդ ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն: 2003 թվականին նա ունեցել է ինչ-ինչ հնարավորություններ, սակայն ներկայումս նա չունի ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ հնարավորություններ՝ իշխանական թեկնածուի հետ լրջորեն մրցակցելու համար:

Իսկ Ռուստամ Իբրահիմբեկովն ունի այդ հնարավորությունը: Եթե նա վերադառնա Բաքու, ապա կհաղթի այդ ընտրություններում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս