Արմեն Գևորգյանը խոսել է պարտքերի մասին
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքի մարման ընթացքին և համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակման պատճառներին: Քննարկվել է, մասնավորապես` Սևան քաղաքում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ պարտքի հարցը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել Սևանի քաղաքապետարանում աշխատավարձի ընթացիկ պարտքի առաջացման պատճառները, հարցը քննարկել Գեղարքունիքի մարզպետի և քաղաքապետի հետ:
Նա անթույլատրելի է համարել համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը և նշել, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից մարվել և հուլիսի 15-ի դրությամբ մնացել է ընդամենը 57 մլն 720 հազար դրամ պարտք:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2012 թվականի ելակետային տվյալների, հողի հարկի և գույքահարկի բազաների ցուցանիշների, ինչպես նաև 2013 թվականի համայնքների բյուջեներում հաստատված պլանային ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են համայնքների բազաները համապատասխանում լիազոր մարմինների բազաներին, որքանով են իրատեսական կազմվում համայնքների բյուջեները և ինչ մեթոդաբանությամբ են դրանք ձևավորվում:
Ա. Գևորգյանն առաջարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում խորհրդակցություն հրավիրել և քննարկել համայնքների ու լիազոր մարմինների բազաների համապատասխանեցմանը վերաբերող հարցեր: