Բաժիններ՝

Լեհական ընկերությունը 11.1 միլիոնի դիմաց կօգնի կենսաչափական անձնագրերը տպել Հայաստանում

ՀՀ օրենսդրության համաձայն՝ կենսաչափական դիվանագիտական անձնագրերը պետք է տպագրվեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Սակայն նման տեխնիկական հնարավորություն այս պահին ԱԳՆ-ը չունի։ Այս պահին շահագործման հանձնված ծրագրային ապահովումը թույլ չի տալիս տպագրել կենսաչափական անձնագրեր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

Խնդիրը լուծելու համար կառավարությունը դիմել է լեհական PWPW ընկերությանը, որպեսզի վերջինս իր կողմից մշակած կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի ծրագրային ապահովման մեջ կատարի այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կենսաչափական դիվանագիտական անձնագրերը տպագրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:

Ընդ որում, լեհական PWPW ընկերության հետ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ ոստիկանության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կնքել է պայմանագիր, որը գործում է մինչև 2017թ., սակայն սույն մոդիֆիկացման ծառայությունը չի կարող ներառվել (կամ ավելացվել) այդ պայմանագրում, քանի որ պայմանագրի տեխնիկական առաջադրանքով (Հավելված № 1) աշխատանքների, ծառայությունների և գույքի ծավալները սահմանվել են սպառիչ, իսկ վճարման կարգը սահմանվել է առանձին ժամանակացույցով՝ կապված լինելով ՀՀ քաղաքացիներին տրամադրվող կենսաչափական անձնագրերի հետ:

Բացի այդ, լեհական կողմը պահանջել է, որ վերը նշված ծրագրային փոփոխություններն իրականացնելու համար ապահովվի DELL ֆիրմայի սերվերային համակարգիչ և DILETTA RL90 տեսակի անձնագիր լամինացնող սարք:

Ընդհանուր առմամբ՝ լեհական ընկերությանը հարկ կլինի վճարել 11.1 միլիոն դրամ։ Որից 7.5 միլիոնը՝ ծրագրի մոդիֆիկացման ծառայության դիմաց, 2.9 միլիոնը՝ լամինացիայի սարքավորման, և 600 հազարը՝ համակարգչի ձեռքբերման նպատակով։

Ֆինանսավորման հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս