Ղարաբաղը կվերաբնակեցվի վիճակախաղով, տոմսեր են գնել նաև հայաստանցի պաշտոնյաները
«Մենք պետք է տարերայնորեն վերաբնակեցմանը վերջ տանք»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ազատագրված տարածքների վերաբնակեցման առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։
Ղարաբաղում Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարարը փոխվարչապետի պաշտոնում պատասխանատու է ազատագրված տարածքների վերաբնակեցման համար։ 1994-ից, երբ հրադադար հայտարարվեց, բազմաթիվ բնակավայրեր վերաբնակեցվեցին ընդամենը մի քանի ընտանիքով եւ անվանվեցին գյուղեր։ Պետք չէր այդպես անել. «Մոտակա 50-60 տարվա ընթացքում այդ բնակչության թիվը հազարի չի հասնելու, դա նշանակում է ճանապարհաշինությունը, ջրամատակարարումը, հոսանքի գծի անցկացումը, անհրաժեշտ ամենամինիմալ համայնքային նշանակության սոցիալական ծրագրերը դրանք լինելու են երկրի համար վատնված ռեսուրսներ»։
Փոխվարչապետը հայաստանցիների և սփյուռքահայերի վերաբնակեցումը ազատագրված տարածքներում գայթակղիչ դարձնելու համար մտածել է պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր։ Այս դեպքում փող չի խաղարկվելու, այսինքն` դրամով գնելու են վիճակախաղի տոմսը, բայց շահողը շահելու է ապրանք։ «Իսկ շահումը լինելու են հիմնականում Արցախում արտադրված ձեռագործ գորգեր եւ սիմվոլիկ լինելու է բնակարան Ստեփանակերտ քաղաքում միգուցե նաեւ Շուշի քաղաքում»,-ասել է փոխվարչապետը։ Վիճակախաղի մեկ տոմսը արժե 2 հազար դրամ։ 220 հազար վիճակախաղի տոմս արդեն շրջանառության մեջ է։
Դաշնակցության բյուրոն 75.000 տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել, խաղարկությունը կլինի այս տարվա դեկտեմբերի 28-ին։ Գնորդը պետք է գիտակցի, որ ինքը կարեւոր ծրագիր է կյանքի կոչում:
Տոմսեր են գնել նաեւ հայաստանցի պաշտոնյաները։ Նրանք, ըստ Արթուր Աղաբեկյանի, նպաստելու են ոչ միայն վերաբնակեցմանը, այլեւ ազատագրված տարածքները որպես տնտեսական անվտանգության բաղադրիչ կայացնելուն։
Կարդացեք այստեղ.