Բաժիններ՝

Թուրքիան սեփական մշակման 200 կործանիչ արտադրելու և ամերիկյան 100 կործանիչ գնելու վրա ծախսելու է 50 միլիարդ դոլար

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է գրեթե 50 միլիարդ դոլար ծախսել սեփական մշակման 200 նոր կործանիչների մշակման ու արտադրության և ավելի քան 100 ամերիկյան F-35 տիպի կործանիչների գնման վրա:

Սակայն դա կարող է դուրս գալ Թուրքիայի ֆինանսական հնարավորությունների շրջանակներից: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունում եղած աղբյուրները հայտնել են, որ թուրքական ազգային կործանիչի 8 նախատիպի կառուցումն Անկարայի համար կարժենա ավելի քան 10 միլիարդ դոլար:

Ծրագրին իրազեկ բարձրաստիճան չինովնիկը հայտարարել է, որ ծրագրի հաջողվելու դեպքում կարտադրվի մոտ 200 ինքնաթիռ. «Մենք պլանավորում ենք, որ մի ինքնաթիռը կարժենա 100 միլիոն դոլար: Ես կարծում եմ, որ 200 ինքնաթիռն իրատեսական թիվ է՝ հաշվի առնելով մեր ինքնաթիռների հնացող պարկը, որոնք մոտակա տասնամյակներին կհանվեն սպառազինությունից»:

Դա նշանակում է, որ Թուրքիան հարկադրված կլինի սեփական կործանիչի նախագծման, մշակման ու արտադրության վրա ծախսել 31-33 միլիարդ դոլար: Սակայն անկախ վերլուծաբանների կարծիքով՝ դա կարող է լինել չափազանց լավատեսական հաշվարկ:

Թուրքիան բանակցություններ է վարում շվեդական Saab ընկերության հետ՝ կապված ազգային առաջին կործանիչի նախնական կոնցեպտուալ նախագծային աշխատանքների հետ: Saab-ը հանդիսանում է Շվեդիայի ռազմաօդային ուժերի սպառազինության տակ գտնվող JAS 39 Gripen թեթև, մեկ շարժիչանի, բազմաֆունկցիոնալ կործանիչի արտադրող:

Թուրքիան հուսով է, որ TF-X անվանումը ստացած կործանիչի մշակման ծրագրին համապատասխան կհաջողվի թուրքական արտադրության կործանիչն օդ բարձրացնել մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
Թուրքիայի հիմնական օդատիեզերական ընկերությունը՝ TAI-ն աշխատում է կործանիչի տարբեր տարբերակների ստեղծման ուղղությամբ:

Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ծրագրի զարգացմանն առնչվող որոշումն ընդունելու է այս տարի կայանալիք Պաշտպանական արդյունաբերության հանձնաժողովի նիստում:

Միևնույն ժամանակ Թուրքիան, որի սպառազինության մեջ ներկայումս գտնվում են ամերիկյան արտադրության ինքնաթիռներ, նաև պլանավորում են գնել հաջորդ սերնդի F-35 Joint Strike Fighter (JSF) կործանիչ, որն արատադրվում է ԱՄՆ-ում: Անկարան մտադիր է գնել մոտ 100 միավոր F-35 կործանիչ:

Ռազմական վերլուծաբանները Թուրքիայի համար JSF ծրագիրը գնահատում են 16 միլիարդ դոլար: Արդյունքում, կործանիչներին առնչվող Թուրքիայի ընդհանուր ծախսերը կազմելու են 50 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս