Ես կատարել եմ պարտականությունների իմ մասը, հերթը Թուրքիայի կառավարությանն է. Աբդուլլահ Օջալան
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել կատարել «Քրդական հարցի» խաղաղ կարգավորման վերաբերյալ սեփական պարտականությունները:
Այս մասին հայտարարել է Օջալանի եղբայր Մեհմեթ Օջալանը, ով այցելել է Իմրալը և ծանոթացել եղբոր առողջական վիճակի մասին. «Եղբայրս ընդգծել է, որ արդեն իսկ իրագործել է պարտականությունների իր մասը և այսուհետ նույնպես անելու է իրենից կախված ամեն ինչ՝ գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու համար:
Սակայն նա նաև ընդգծել է, որ այդ գործընթացը չի կարող շարունակվել միայն մեկ կողմի ջանքերով: «Քրդական հարցի» խաղաղ կարգավորման մասնակիցները միայն քրդերը չեն, Թուրքիայի կառավարությունն էլ է: Եղբայրս զգուշացրել է, որ յուրաքանչյուր գործընթաց ունի որոշակի ժամանակ, ինչի սպառվելուց հետո այն կարող է դադարեցվել»:
Նշվում է, որ վերջին շրջանում բավական վատթարացել է 64-ամյա Աբդուլլահ Օջալանի առողջական վիճակը: Դրա հետ կապված՝ նրա եղբայր Մեհմեթը հայտարարել է, որ իրենք պահանջում են թույլ տալ անկախ բժիշկների մուտքը Իմրալը: Մեհմեթ Օջալանն ընդգծել է, որ մարդու առողջությունը չպետք է դառնա քաղաքական սակարկության առարկա:
Թուրք-քրդական հաշտեցման փուլը մեկնարկել է այս տարվա մայիսի 8-ին, երբ PKK-ի զինյալները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը: Երկրորդ փուլում Թուրքիայի կառավարությունը պետք է իրականացնի բարեփոխումներ՝ ապահովելու համար քրդական բնակչության իրավունքները, իսկ երրորդ փուլում պետք է ձեռք բերվի կայուն խաղաղություն և սոցիալական հաշտեցում: