«Ժառանգությունը» դեռևս վերջնական որոշում չի կայացրել
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տեղի ունեցած վարչության նիստում քննարկել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության առաջիկա արտահերթ ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ վարչության երեկվա նիստում իրենք վերջնական որոշում չեն կայացրել: Հարցին, թե ի՞նչ տրամադրություն է գերիշխում` մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Երկուսն էլ կա: Կքննարկենք՝ կտեսնենք»: Մեր ճշտմանը` կարծիքները կուսակցությունում կիսվա՞ծ են, նա պատասխանեց. «Մոտավորապես»:
Անձամբ Ա. Մարտիրոսյանն էլ դեռևս չի կողմնորոշվել` ճի՞շտ է մասնակցել, թե՞ ոչ: «Չեմ ուզում շատ մանրամասնել` ի՞նչն է պատճառը, որ երկար եմ մտածում հարցի շուրջ: Հիմնական պատճառն այն է, որ փոփոխություն իշխանության վարքագծում չկա, ամեն ինչ նույնն է: Մեծամասնական ընտրություններ են անցկացվելու այնպես, ինչպես այս տարիների ընթացքում անցկացվել են… Շատ «բայց»-եր կան, հարցեր կան»,- նշեց նա:
Նրա փոխանցմամբ` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մասնակցել է երեկվա նիստին, բայց թե ի՞նչ կարծիք ունի նա` Ա. Մարտիրոսյանը հրապարակել չցանկացավ. «Այդ հարցին ինքը թող պատասխանի: Ես կարող եմ միայն իմ կարծիքը հայտնել»:
Թե ի՞նչ թեկնածուների անուններ են շրջանառվում «Ժառանգության» ներսում, Արմեն Մարտիրոսյանը ևս նախընտրեց չմանրամասնել: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, կուսակցության ներսում առայժմ երկու անուն է շրջանառվում` խոսքը պատգամավոր Զարուհի Փոստանջյանի (ըստ նույն աղբյուրի՝ Զ. Փոստանջյանը կարող է վայր դնել իր մանդատն ու մեծամասնական ընտրակարգով մասնակցել այդ ընտրություններին) ու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է:
Նշենք, որ ընտրությունները թիվ 38 ընտրատարածքում տեղի կունենան սեպտեմբերի 29-ին: