Բաժիններ՝

Ինչպես են անհայտ Տարոնին և անհայտ Ռոբերտին սպասակրող միկրոավտոբուսները սպասարկում Տարոն Մարգարյանի և Ռոբերտ Սարգսյանի ընտրողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը երեկ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Երևանում հանրային տրանսպորտի 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն որևէ կապ չունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իր հետ: Նրա խոսքով՝ միայն զուգադիպությամբ են այդ անունները համընկնում, ուրիշ ոչ մի բան: Նաև հավելել էր. «Դա ինչ կապ ունի: Տարոն նահանգ էլ կա: Ռոբերտո կոշիկի ֆաբրիկա էլ: Հիմա, եթե անունները համընկնում են, նշանակում է մե՞րն է»:

Այսօր ասուլիսում ի պատասխան 168.am-ի հարցադրմանը, թե ի՞նչ կարծիք ունեք Ռոբերտ Սարգսյանի վերոնշյալ պարզաբանման առնչությամբ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասաց.

«Սա ինձ նմանեցրեց օֆշորային պատմությանը, երբ վարչապետն ասում էր, որ իրեն շառ անելու, մրոտելու համար ինչ-որ անձինք օգտագործում են իր անունը»:

Նաև հավելեց. «Ես զարմացած եմ այդ հայտարարությամբ ոչ թե նրա համար, որ պետական պաշտոնյան չունի համարձակություն ասելու, որ «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ն իրենց է պատկանում, և 5 և 32 միկրոավտոբուսային գծերը նույնպես սպասարկվում են այդ ընկերության կողմից: Լավ, ենթադրենք Տարոնը պատմական գավառ է, Ռոբերտոն էլ կոշիկի խանութ, այդ դեպքում 5 և 32 համարի միկրոավտոբուսները զանգվածաբար ի՞նչ գործ ունեին Ավանում դեկտեմբերի 2-ին Ռոբերտ Սարգսյանի ընտրողներին ընտրատեղամասեր տանելու ժամանակ: Դրա վերաբերյալ կան արխիվացված մեծաքանակ վիդեոնյութեր, որոնք այս պահին էլ իմ տրամադրության տակ են և ցանկացած պահի կարող եմ տրամադրել ցանկացողներին, թե ինչպես են անհայտ Տարոնին և անհայտ Ռոբերտին սպասակրող 5 և 32 համարի միկրոավտոբուսները սպասարկում Տարոն Մարգարյանի և Ռոբերտ Սարգսյանի ընտրողներին»:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե հերքո՞ւմ եք դավադրության տեսությունը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես արդեն վախենում եմ, որ Ստեփան Սաֆարյանին մեղադրեն դավադրության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս