Բաժիններ՝

Վանաձորում տրանսպորտի թանկացման դեմ պայքարը կշարունակվի

Վանաձորում դեռ հասարակական տրանսպորտի թանկացում չի եղել, բայց քաղաքացիական ակտիվիստները հետևողական են այս հանրային խնդրի վերաբերյալ: Գազի սակագնի թանկացումից հետո, երբ Վանաձորում երթուղիների տնտեսվարող սուբյեկտները թանկացման հայտ ներկայացրեցին քաղաքապետարան` նախկին 100 դրամի փոխարեն ուղեվարձը 150 դրամ սահմանելու պահանջով, ստեղծվեց «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությունը, որը քաղաքային իշխանությանն անմիջապես պարտադրեց հանրային քննարկում կազմակերպել և բնակչությանը մասնակից դարձնել տրանսպորտի թանկացման հետ կապված բոլոր գործընթացներին:

Վանաձորի քաղաքապետը հայտարարեց, որ թանկացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո անպայման հանրային լսումներ կլինեն: Օրերս Վանաձորի «Արցախ» պուրակում «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությունը հերթական հանրահավաքն էր կազմակերպել, որի ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրեցին այս ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքը, առաջիկա հնարավոր զարգացումներն ու դրանց դեմ մշակված «հակաքայլերը»: Իրենց ելույթում ակտիվիստները նշեցին, որ, ճիշտ է, դեռ թանկացում չի եղել, բայց փաստ է, որ երթուղիների տնտեսվարող ընկերություններն իրենց հայտերը հետ չեն վերցրել, մյուս կողմից էլ՝ քաղաքապետարանն այդ հայտերը չի մերժել: Ուստի` պայքարը  շարունակվում է` մինչև  հայտերը հետ վերցվեն, կամ քաղաքապետարանը կմերժի դրանք: Իսկ եթե քաղաքապետարանը, այնուամենայնիվ, ի գիտություն ընդունելով տնտեսվարողների պահանջը, թանկացնի տրանսպորտը, կանցնեն քաղաքացիական պայքարի ակտիվ փուլին: Նախ՝ հանրային լսումներ կկազմակերպվեն:

Ակտիվիստները կմասնակցեն նրանց կատարած հաշվարկների քննարկումներին, կներկայացնեն իրենց սեփական հաշվարկը, որոշակի առաջարկներ կանեն` հաշվի առնելով նաև պահեստամասերի և վառելիքի թանկացումները, և օրենքի կետով կպայքարեն, որ տրանսպորտային ծառայությունները Վանաձորում շարունակեն մատուցվել 100 դրամով: Բայց եթե դրանից հետո էլ թանկանա, կբռնեն քաղաքացիական անհնազանդության ճանապարհը, ինչպես Երևանում եղավ:

«Եթե նույնիսկ 10 դրամ թանկանա, անընդունելի է, 1 լումա անգամ չպետք է թանկանա այստեղ: Նույնիսկ այդ դեպքում ունենք մշակած հակաքայլեր` քաղաքացիական անհնազանդության ավելի ակտիվ ձևեր: Միանշանակ հայտարարում ենք, որ ետ չենք կանգնելու, եթե նույնիսկ գա մի վիճակ, որ տրանսպորտը  թանկանա, ու մնանք պայքարում միայն նախաձեռնության ակտիվիստներս, մենք գնալու ենք մինչև վերջ»,- հայտարարեցին նախաձեռնության անդամները` բերելով  երևանցիների օրինակը, երբ հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց և պայքարում էին քաղաքի իրավունքների համար` իշխանությունների ու իրավապահների դեմ: «Այստեղ էլ կա արժանապատիվ, համարձակ մասսա, որ կփորձի պաշտպանել իր ու իր ընտանիքի իրավունքները, Եթե Վանաձորի պես քաղաքում ընդամենը 5000 մարդ դուրս գա փողոց, դա արդեն աննախադեպ երևույթ կլինի, և այս դեպքում դարձյալ որևէ քաղաքական կուսակցության անունից հանդես չգալով՝ մեր պահանջներն ավելի կոշտ կդարձնենք, և այն մարմինները, որոնք ընդունած կլինեն նմանատիպ հակասոցիալական, անիրավ որոշում, ուղղակի շատ կզղջան դրա համար: Վանաձորում իշխանությունն իրականում պատկանում է վանաձորցիներին, ոչ քաղաքապետին, ոչ էլ քաղաքապետարանի աթոռներին բազմած մարմնեղ պաշտոնյաններին»,- ելույթի խոսքում նշեցին ակտիվիստները:

Կարդացեք նաև

Մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվիստների պայքարին զուգահեռ՝ վանաձորցի ակտիվիստներն էլ են աշխատանք կատարել, նաև հանրության իրազեկման բարձրացման նպատակով թռուցիկներ են բաժանվել: Տեխնիկական խմբերն են ձևավորվում հանրային լսումներին մասնակցելու համար: Դրանցում ընդգրկվում են տնտեսագետներ, ֆինանսիստներ, ովքեր մասնակցելու են այն հաշվարկներին, համաձայն որոնց՝ տնտեսվարողները ստիպված են թանկացնել ուղևորավարձը:

Հաջորդ ակցիան տեղի կունենա օգոստոսի 11-ին` ժամը 18:00-ին, «Արցախ» պուրակում:

Վանաձոր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս