Բաժիններ՝

Լանջիկում տղամարդկանց 90 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի

Շիրակի մարզի Լանջիկ գյուղը գտնվում է Մարալիկի տարածաշրջանում` մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա: Գյուղը տեղակայված է բլրապատ հարթավայրում, ունի եկեղեցի: Գյուղում չկան արտադրամասեր, գործարաններ, ջերմոցներ և ֆերմաներ: Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ ցանկալի կլիներ գյուղում գործարկել կաթի վերամշակման արտադրամասեր: Նախկինում գյուղի բնակիչների մոտ 50 տոկոսն աշխատել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանում, ներկայումս սկսվել են վերջինիս վերագործարկման աշխատանքները: Գյուղացիների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Գյուղի գրեթե բոլոր ընտանիքների մեկ անդամը մեկնել է արտագնա աշխատանքների: Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց. «Գյուղի տղամարդկանց 90 տոկոսն արտագնա աշխատանքների է մեկնում, հիմնականում՝ Ռուսաստան: Մերոնց ապրուստի հիմնական միջոցն էլ դա է, դրանով ենք ապրում»:

Գյուղում հիմնականում ցորեն, գարի և կորնգան էին մշակում: Ժամանակին այստեղ աճեցվել է նաև կտավատ, սակայն այժմ այլևս գրեթե չեն մշակում՝ պահանջարկի նվազման պատճառով:
Գյուղատնտեսությունից ստացվող ողջ արտադրանքը սպառվում է գյուղի բնակիչների շրջանում: Երբեմն էլ շրջակա գյուղերի բնակիչների հետ գյուղմթերքի փոխանակում է կատարվում:  Եղանակային չափազանց խիստ պայմանների, ինչպես նաև՝ տեխնիկայի մաշվածության պատճառով բնակիչներն առանձնապես մեծ հույսեր չեն կապում բարձր բերքատվություն ունենալու հետ: Պետական աջակցությունը գրեթե բացակայում է: Կաթի մթերման գնային տատանումները լանջիկցիների վրա ևս բացասաբար են ազդում: Գյուղացիները սեփական երկրում հացի գումար վաստակելու հնարավորության նկատմամբ հույսը կորցրել են և հիմնականում մտածում են արտագաղթի մասին:

Գյուղի համար մեծ խնդիր է նաև խմելու և ոռոգման ջրի հարցը: Խմելու ջրի հետ կապված  խնդիրներ կան՝ ներքին  ջրամատակարարման ցանցի հետ կապված, որի պատճառով ջուրը գյուղացիներին մատակարարվում է ոչ հավասարաչափ: Ոռոգման համակարգի ոչ բարվոք վիճակի պատճառով մատակարարվող խմելու ջուրն օգտագործվում է նաև տնամերձ հողատարածքների ոռոգման համար:

Գյուղական վայրերում բնակիչների  մասնակցության բարձրացման, առողջ ապրելակերպի և խաղաղության մշակույթի ներմուծման միջոցով համայնքների համախմբմանը նպաստելու նպատակով «Կանայք հանուն զարգացման» հասարակական

Կարդացեք նաև

կազմակերպությունը գերմանական EED կազմակերպության ֆինանսական աջակցությամբ Լանջիկ համայնքի հետ իրականացնում է համայնքի 2013-2014թթ. ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որի միջոցով սահմանվել են գալիք երկու տարիների համար համայնքի  զարգացման հիմնական ուղղությունները:  Նմանօրինակ ծրագրերը նպաստում են համայնքի զարգացմանը, սակայն ամենակարևոր խնդիրը, որը պահանջում է պետական հոգածություն, դեռևս մնում է անլուծելի. գյուղացին` կտրվելով իր հողից, մեկնում է արտագնա աշխատանքի: Իսկ թե մեկնող բնակիչներից քանիսը կվերադառնան, քանիսը` կհաստատվեն այնտեղ, դեռևս հայտնի չէ:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս