Բաժիններ՝

«Երկու ոտքը կտրած ազատամարտիկին 10 տարի հետ ու առաջ են անում՝ մինչև հաշմանդամության կարգ տալը» (ֆոտոշարք)

Գյումրիի թատերական հրապարակում նստացույց են հայտարարել Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկները: Մարդիկ, ովքեր զենք են վերցրել, գնացել պատերազմել են, արյուն են թափել, իրենց վրա են կրել ամեն անարգանք, ցավ, տառապանք, հիմա նույն անարգանքը տեսնում են այն երկրում, որի համար կռիվ են տվել:  Ցավալի է, երբ հերոսները, ովքեր մեզանից յուրաքանչյուրի բարեկեցիկ ու հանգիստ կյանքի համար վտանգել են իրենց կյանքը, այսօր այլ ելք չտեսնելով` դուրս են եկել փողոց՝ իրենց ձայնը լսելի դարձնելու միակ միջոցը համարելով նստացույցը:

Նստացույցի մասնակիցների շարքում են ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի շտաբի պետ Տիգրան Հարությունյանը, ազատամարտիկներ Կարապետ Բեդախյանը, Անդրանիկ Ղազարյանը, Մկրտիչ Բաղդասարյանը, Մնացական Մուրադյանը և այլք: 168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Մնացական Մուրադյանը ներկայացրեց իրենց հիմանական պահանջը. «Պահանջում ենք արժանվույնս գնահատել ազատամարտը և ազատամարտիկներին, արժևորել նրանց: Սա մենք անում ենք ոչ միայն մեզ համար, այլև եկող սերունդների համար, որպեսզի մեզնից հետո եկողները դաստիարակվեն ճիշտ ոգով, ու, եթե հարկ լինի  կրկին վերցնել զենքն ու պատերազմի գնալ, երիտասարդները պատրաստ լինեն դրան: Սա ոչ թե անհատների կամ բարեգործների խնդիրն է, այլ պետության խնդիրն է: Եթե ուզում ենք, որ եկող սերունդը դաստիարակվի առողջ մտածելակերպով ու հային արժանավայել ոգով, ապա քայլեր են պետք դրան հասնելու համար»:

Gyumri-azatamartikner1

Gyumri-azatamartikner

Gyumri-azatamartikner4

Gyumri-azatamartikner43

Այն հարցին, թե ի՞նչը ստիպեց ազատամարտիկներին, որպեսզի հենց այսկերպ իրենց բողոքի խոսքն արտահայտեն` Մնացական Մուրադյանը պատասխանեց. «Նախ՝ բարոյական, ապա՝ սոցիալական հիմնախնդիրները մեզ ստիպեցին դիմել այս քայլին: Մենք էլ գիտենք, գիտակցում ենք, որ մեր պետությունը շատ մեծ հնարավորություններ դեռևս չունի, բայց եղած թեկուզ փոքր հնարավորությունը պետք է նպատակային օգտագործվի: Մենք ունենք ազատամարտիկ ընկերներ, ովքեր արդեն զոհվել են, ընկերներ, ովքեր ողջ են, սակայն սարսափելի վիճակում են գտնվում, մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն, չքավորության մեջ գտնվող տղերք, ովքեր նույնիսկ թաղման հարցեր չեն կարողանում լուծել: Մենք մեզ բավարարված կզգայինք, եթե նման հարցեր մեր կողմից առհասարակ չդրվեին. այս հարցերն իրենց լուծումները պետք է վաղուց գտած լինեին՝ առանց մեր պահանջների»,- ասաց ազատամարտիկը:

Gyumri-azatamartikner5

Gyumri-azatamartikner2

Նստացույցի մասնակից ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը  մեզ  հետ զրույցում ասաց. «Ես 1988 թվականից ընտանիքով ապրել եմ Ղարաբաղում, մինչև 1992 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները մասնակցել եմ մարտերի գրեթե  90 տոկոսին: Այսօր մեր ազատամարտիկներն անտեսված են: Առաջնային, անհապաղ խնդիրներից են սոցիալական հիմնախնդիրները, ոչ արժանավայել վերաբերմունքն ազատամարտիկների նկատմամբ: Ժամանակին, երբ ազատամարտիկները պիտի գնահատվեին իրենց արածների համար՝ չգնահատվեցին, «ազատամարտիկ» անվան տակ մտան շատերը, ովքեր կապ էլ չունեին ազատամարտի, պայքարի, կռվի հետ, ու սկսեցին վարկաբեկել իսկական «ազատամարտիկ» կոչումը: Իրական ֆիդային վարկաբեկվեց, ու ժողովուրդը հիմա լավ չի ընկալում՝ ի՞նչ է նշանակում՝ լինել ֆիդայի, բայց չէ ՞ որ ֆիդային այն նվիրյալ զինվորն է, ով ամենաթանկն է զոհում երկրի համար` իր սեփական կյանքը: Հիմա, ասենք, մեր բախտը չի բերել, վիրավորվել ենք, բայց ողջ ենք մնացել, ի՞նչ է նշանակում դա` ապրել անտեսված, սոցիալապես ահավոր բարդ վիճակո՞ւմ, այո՞: Մենք ոչինչ ավելի չենք պահանջում, միայն այն, ինչի արժանի ենք, մեր ակցիաները քաղաքական բնույթ բացարձակապես չունեն,  այստեղ խնդիրը  սոցիալական պրոբլեմները լսելի դարձնելու մեջ է: Երկու ոտքը կտրած ազատամարտիկին 10 տարի հետ ու առաջ են անում՝ մինչև հաշմանդամության համապատասխան կարգ տալը: Ինչպե ՞ս պահենք մեր երեխաներին: Մենք, ինչպես ասացի, ավելին  չենք պահանջում, մենք մուրացկանություն չենք անում, մենք պահանջում ենք մեր հասանելիքը:

Վերջերս Երևանում ևս մեր ընկերները նստացույց էին կազմակերպել, առողջական խնդիրների պատճառով մենք ֆիզիկապես ներկա չենք եղել այդ ակցիային, բայց հոգեպես նրանց հետ ենք եղել: Հիմա էլ որ մենք  այստեղ ենք, բժշկական տեսանկյունից մեզ համար դժվար է, բայց մեզ արդեն չափից շատ է զայրացնում այն, ինչ կատարվում է հիմա: Մեր պես ազատամարտիկին` Հրաչյա Հարությունյանին, ստիպել են, որ երկիրը, որի համար ինքն էլ ժամանակին կռիվ է տվել, թողնի ու արտագաղթի Ռուսաստան, որպեսզի կարողանա փող վաստակել ու իր որդու գերեզմանը սարքել: Մենք նմանատիպ երևույթների և ռուսական շովինիզմի ականատես եղել ենք դեռևս պատերազմի տարիներին, մենք էլ ենք անցել անարգանքների միջով, ինչպես Հրաչյան, երբ հայ ազատամարտիկին կանացի խալաթով են բերում դատարան: Մենք շատ բաներ մեր իսկ կաշվի վրա ենք զգացել: Ցավալին այն է, որ այդ ամենը գիտենալով հանդերձ` մեր երկրում, այն երկրում, որի համար ժամանակին արյուն ենք թափել, չենք կարող աշխատանք գտնել ու պահել մեզ ու մեր ընտանիքները:  Չէ ՞  որ այս երկիրը պահողները մենք ենք եղել, չէ՞  որ մեր ու մեր ընկերների արյան գնով է այս երկիրը հաջողությունների հասել: Այսօր Հայաստանում ու մանավանդ՝ Գյումրիում այնպիսի տուն ու ընտանիք չկա, որտեղ գոնե մի հոգի երկրից դուրս գնացած չլինի՝ աշխատելու նպատակով: Քաղաքում մարդ չի մնացել, քաղաքը դատարկվում է: Օր օրի վրա՝ թանկացումներ. գազի գնի բարձրացմանը հետևեցին թանկացումները բոլոր ոլորտներում: Հետաքրքիր է, այդ նվազագույն աշխատավարձով` 45 000 դրամով, մեր պաշտոնյաները կկարողանայի՞ն  գոնե մի ամիս ապրել: Ո՛չ: Իսկ մենք ստիպված ենք գոյատևել այն թոշակով, որը չի կարող մեր դեղերի գումարը նույնիսկ ապահովել, էլ չեմ խոսում ընտանիքի մյուս անդամներին պահելու մասին: Դուրս է գալիս, որ եթե մարդը թոշակառու հիվանդ է, ուրեմն նա պիտի մեռնի, ոչ բնակարանից դուրս գա, ոչ էլ մտածի իրեն անհրաժեշտ դեղերի ու ապրուստի մասին: Ահա թե ինչ վիճակում ենք գտնվում մենք հիմա»:

Գյումրիում բնակվող ազատամարտիկներին են միացել Երևանից ժամանած ազատամարտիկները: Նրանց միանալու են նաև Հայաստանի այլ մարզերում բնակվող ազատամարտիկներն ու քաղաքացիական ակտիվիստները: Գյումրիի ակտիվ երիտասարդներն արդեն արձագանքել են ստեղծված իրավիճակին, և ազատամարտիկների հետ հանդիպումների ու քննարկումների միջոցով՝ համատեղ որոշվելու է՝ ինչպե՞ս բարձրաձայնել ազատամարտիկների խնդիրները: Բարձրաձայնել այնպես, որ լսելի լինի, չանտեսվի, ու վերջապես լուծում տրվի: Հուսանք, որ մոտ օրերս Գյումրիի քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանը ևս կարձագանքեն ստեղծված իրավիճակին, և պաշտոնատար անձինք կգան ու կհանդիպեն ազատամարտիկների հետ:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս