«Մենք այդպես ապրում էինք». Պետրոս Ղազարյանը՝ Free car ակցիայի մասին
Եթե հասարակությունն իրոք ոտքի է կանգում, իշխանությանն այլ բան չի մնում, քան լսել հասարակության ձայնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հեռուսատալրագրող Պետրոս Ղազարյանը՝ խոսելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտի սակագինը բարձրացնելու իր որոշումը կասեցնելու մասին:
Խոսելով երեկ Տարոն Մարգարյանի որոշման այն հատվածի մասին, համաձայն որի՝ ստեղծվելու է հանձնաժողով, քննարկվելու են հարցեր, Պետրոս Ղազարյանն ասաց, որ դա պետք էր անել, հետո միայն որոշում կայացվեր սակագնի թանկացման մասին. «Թանկացման որոշումն ընդունվել է, նույնիսկ չի քննարկվել ավագանու հետ: Ավագանին ինքը անակնկալի է եկել, այսինքն՝ սա իշխանության վերաբերմունքն է հասարակությանը»:
Պետրոս Ղազարյանը նշեց նաև, որ ինքը Հանրապետական կուսակցության անդաների հետ հարց չէր քննարկի. «Հանրապետական ավագանու հետ ես էլ հարց չէի քննարկի»:
«Երբ որ լսում ենք քաղաքապետարանի չինովնիկներին, տպավորություն է, որ դա սարսափելի վնասով աշխատանք է, մարդիկ տակ են տալիս ու տակ են տալիս, բայց չէ որ այդ գծատերերը գեներալներ են, պատգամավորներ են, իշխող կուսակցության անդամներ և Հենրիկ Նավասարդյանի եղբոր ընտանիքն է: Չի կարող այդպես լինել, որովհետև մեր գծատերերը դարձել են փակ ակումբ: Դա փակ ակումբ է: Մեզանից որևէ մեկը չի կարող գնալ և գծի տեր դառնալ: Դուք պետք է լինեք իշխանության մերձավոր: Եթե դա այդպես վնասով բիզնես է, իշխանությունը թող դա բաժանի հասարակությանը: Եվ ամենակարևորը՝ թող ռեալ մրցույթ լինի»,- ասաց հեռուսատալրագրողը:
Միևնույն ժամանակ, նա ասաց, որ տրանսպորտի շրջանառությունը ստվերում է, հետևաբար այդ բիզնեսի եկատմտաբերության մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հստակ կլինի ուղևորների թիվը:
Պետրոս Ղազարյանն ասաց, որ Տարոն Մարգարյանի ձախողման ֆոնին կառավարության անդամները որոշեցին բարձրացնել իրենց վարկանիշը: Ըստ նրա՝ միայն այն բանից հետո, երբ մարդիկ դուրս եկան փողոց, կառավարությունը հիմնավորումներ պահանջեց:
«23 տարի է՝մեր ընդդիմությունը մեզ համոզում էր, որ ամռանը որևէ սոցիալական, քաղաքական ակտիվություն հնարավոր չէ: Այս իրադարձություններով մեր հասարակությունը ցույց տվեց, որ շատ լավ էլ ամռանը, երբ որ բոլորը հանգստանում են, երբ որ կյանքը «մահացած է», շատ ճիշտ, շատ լավ քաղաքական սոցիալական ակցիաներ են հնարավոր: 23 տարվա միֆը, կարծում եմ, այսօր երիտասարդները ջարդեցին, որ մեր հասարակությունը դուրս չի գալիս, ամռանն ընդհանրապես դուրս չի գալիս: Հիշու՞մ եք՝ ինչ իրադարձություններ են եղել այս 20 տարիների ընթացքում: Որևէ դեպքում ամռանը նման բողոքներ չեն եղել: Սա ի՞նչ է ցույց տալիս: Ցույց է տալիս, որ երբ որ դու վերացական խնդիրներ չես դնում, այլ դնում ես շատ կոնկրետ խնդիր, մարդիկ պատրաստ են դուրս գալ և այդ կոնկրետ խնդիրը լուծել: Ցավոք սրտի, մեր քաղաքական ուժերը միշտ դնում են վերացական, օդի մեջ ման եկող հարցեր, և ես կարծում եմ, որ սա իր հետևանքներով լուրջ դեղին քարտ էր մեր քաղաքական դաշտին, մեր քաղաքական ուժերին, որ նրանք պետք է վերանայեն իրենց մոտեցումները, մտքերը, ծրագրերը, ըդհանրապես իրենց էությունը: Եթե չվերանայեն, ապա ինչպես ցույց տվեցին այս պրոցեսները, նրանք ընդհանրապես դուրս կմնան երկրի սոցիալական քաղաքական կյանքից»,- ասաց Պետրոս Ղազարյանը՝ հավելելով. «Ավելի լավ է շատ փոքր հարցերով գնալ առաջ, քան դնել տիեզերական խնդիրներ և հիասթափեցնել ողջ հասարակությանը»
«Երբ կարդացի այդ որոշումը, որոշման բովանդակությունից տպավորություն էր, որ ոչ միայն կասեցրել է, այլ մի 50 դրամով էլ է թանկացրել, որովհետև ասում էր՝ շատ ճիշտ է, սա միակ ճանապարհն է, լավ ենք արել, ճիշտ ենք արել, բայց կկասեցնենք: Շատ մարդիկ զանգում, ասում էին, ուր է, որ պիտի կասեցնեն, որովհետև այնպիսի տեղում էր գրած կասեցնելու մասին, որ շատ դժվար էր գտնելը»,- ասաց Պետրոս Ղազարյանը: Նա ասաց, որ տրասպորտի սակագինը հանձնաժողովի աշխատանքների արդյունքում չի թանկանա. «Դա ասվել է, որ ցույց տրվի, որ մեկ է՝ մենք մեր կարծիքին ենք, բայց որ ճնշում եք, մենք մեր կարծիքը ժամանակավորապես հետ կհանենք»:
Պետրոս Ղազարյանն ասաց նաև, որ ինքը հասկացել է՝ Free car-ն ակցիա չէր. «Մենք այդպես ապրում էինք»:
Լուսանկարը՝ Bravo.am-ի: