Վարդան Օսկանյանը խոստովանել է. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58204212 քրեական գործով մեղադրյալ՝ Վարդան Մինասի Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։

Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել վճարել դրանից առաջացող, հարկային մարմնի կողմից հաշվարկված, հարկային պարտավորության գումարը, մասնավորապես նշել է՝ «Ծանոթացել եմ ինձ տրամադրված մեղադրյալ ներգրավելու որոշման հետ և այդ կապակցությամբ հայտնում եմ.

1. Իմ ամենամեծ թերացումն այն է, որ Սիվիլիթասի համար նախատեսված և ինձ մոտ պահ տրված գումարն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ Սիվիլիթասի գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար։ Եղել է նաև պահ, որ իմ անձնական գումարից փոխանցվել է Սիվիլիթաս Հիմնադրամին։ Ուստի, եթե Հայաստանի օրենսդրությամբ՝ գումարը Սիվիլիթասի հաշվեկշռում առանձին չհաշվառելը, իմ հաշվեհամարի վրա պահելը, անհրաժեշտ պահին լրացնելու և Հիմնադրամին վերադարձնելու նպատակով դրանից ինչ-որ մաս օգտագործելը խախտում է համարվում, ես պատրաստ եմ՝ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի մասնագետների հետ հաշվարկ կատարել, և քննությամբ ֆիքսված 250.795,26 ԱՄՆ դոլարը համարել ինձ եկամուտ և կատարել դրանից բխող համապատասխան հարկային պարտավորություններ։

2. Բնականաբար, ինձ հաճելի չի եղել ներքաշվել քննության այս գործընթացին, բայց ես, այնուամենայնիվ, կուզեի նշել, որ իմ հանդեպ քննիչների վերաբերմունքը եղել է հարգալից և օրենքի շրջանակներում։

Կարդացեք նաև

3. Ես բնականաբար ոչ հաշվապահ եմ, ոչ իրավաբան և նախաքննության այս փուլում չեմ բացառում, որ եղել են հաշվապահական գործառնավարական թերացումներ, որոնք չեն հետապնդել իմ կողմից գումարի հափշտակության և դրա օրինականացման միտումնավոր բնույթ։ Արձանագրված խախտումների պայմաններում ես պատրաստ եմ ՀՀ օրենքներին համապատասխան փոխհատուցել որպես վնաս հաշվարկված 250.795,26 ԱՄՆ դոլարից գոյացող հարկերը։

Իմ կողմից հարկային գումարի փոխհատուցման դեպքում խնդրում եմ՝ օրենքով սահմանված կարգով քրեական գործի վարույթը կարճել և իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»։

Վարդան Օսկանյանի դիմումի և ցուցմունքի հիման վրա, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պահանջով, հարկային մարմինը հաշվարկել է գործարքից նրա ստացած՝ 250.795,26 ԱՄՆ դոլարից առաջացող հարկային պարտավորության գումարը, որը կազմել է՝ 20.140.324 դրամ և այն Վարդան Օսկանյանը 23.07.2013թ.-ին ամբողջությամբ հատուցել է պետությանը, բացի այդ, քրեական գործի հարուցումից հետո, Վարդան Օսկանյանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամ է մուտքագրվել Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարի և դրա ավանդի տոկոսագումարի մնացորդը կազմող՝ 1.086.826 ԱՄՆ դոլար գումար։

Հաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ նշված գումարը գործարքից իր մասնաբաժինն է՝ եկամուտը, որը ծախսվել է անձնական նպատակներով, այդ գումարը չի հափշտակվել և օրինականացվել, իսկ չվճարված եկամտահարկը հատուցվել է պետությանը, ուստի նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի արարքը վերաորակվել, որպես առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նկատի ունենալով, որ նա կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը՝ 20.140.324 դրամը և տվել է իր համաձայնությունը՝ նախաքննության մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով 24.07.2013թ. որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս