Գյուղացին՝ իր խնդիրներով, պետությունն՝ իր շահով ու խոստումներով
Այս տարին գյուղատնտեսության համար առատ տարի է՝ կարկուտի պատճառած վնասը չի կարող համեմատվել Արարատյան դաշտավայրի ցրտահարությունների հետ: Գյուղացու գլխավոր խնդիրը բերքահավաքից հետո միշտ էլ եղել է բերքի իրացումը, և այս տարի էլ, ծիրանի հետ կապված, ամեն ինչ հարթ չանցավ: Գյուղատնտես Գագիկ Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, թեև գյուղնախարարը հայտարարեց, որ «Սպայկան» ծիրանի 1 կիլոգրամը 400-500 դրամով կմթերի, բայց վերջինս ընդամենը 200 դրամ սահմանեց գինը: Արդյունքում՝ ժողովուրդն ընդվզեց, ծիրանն էլ 2-3 օր հետո փչացավ, գյուղացիները ստիպված տարան՝ 50 դրամով հանձնեցին մթերողներին:
«Հաջորդը դեղձի հետ է խնդիր առաջանալու: Եթե ծիրանի գինը ցածր է լինում, մնացած բոլոր մրգերի գինը ցածր է լինում: Եթե ծիրանի գինը բարձր եղավ, մնացած մրգերի գները բարձր են լինում՝ անկախ նրանից՝ բերքը լա՞վն է, թե՞ վատը: Այսպես ասած՝ ծիրանն է գին որոշում»,- ասաց Գ. Մանուչարյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում աճեցվում է վաղահաս դեղձ, որը մոտ 10 օրում հասունանում է, ու բերքը վերջանում է. «Հիմա դեղձի բում է լինելու: Ինչքան էլ դուրս տանեն, մեկ է՝ բերքի մեծ մասը մնալու է ու կրկին չեն կարողանալու իրացնել, էժան գներով հանձնելու են մթերողներին, լավագույն դեպքում՝ 100-150 դրամով»:
Գ. Մանուչարյանի խոսքով՝ գյուղացու համար հաջորդ խնդիրը լինելու է հացահատիկի իրացումը: Հացահատիկի մթերման գները կախված են նրանից, թե միջազգային շուկայից ինչ գնով է մթերվում: Հայաստանում հացահատիկի բերքի ծավալները քիչ են ու գնի վրա ազդեցություն չունեն:
«Հացահատիկի դեպքում կուրիոզը ո՞րն է՝ անցած 2 տարիներին մենք ստացանք ռեկորդային բերք, նման բերք նույնիսկ կուսակցականների ժամանակ չէր գրանցվել, և համախառն բերքը բավականին շատ էր: Բայց նույն տարիներին ավելացավ ցորենի, եգիպտացորենի, մակարոնեղենի և ալյուրի ներկրումը Հայաստան: Բավականին շատ ավելացավ, որոշ մարդիկ մտածեցին, թե պետական պահուստային ֆոնդ են ստեղծել, բայց հարց է՝ որտե՞ղ են ստեղծել: Թող ցույց տան դրա տեղը: Իսկ անցած տարվա ներկրումը ռեկորդային բարձր է եղել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իրականում չեն ներկրում, այդ թիվն ուղղակի ցույց են տալիս, որպեսզի գյուղացուն պատճառաբանեն, թե ինչու են 120-130 դրամ վճարում, իբրև թե բերքը շատ է, բայց իրականում շատ չի: Գյուղացին գիտի, որ ինքը բերք չի ստանում, բայց քանի որ մեծ թվեր են ասում, ստիպված թելադրված գնով տալիս են մթերման»,- նշեց Գ.Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ այսօր գյուղացու համար ամենամեծ խնդիրը նաև պարարտանյութն ու վառելիքն է, որ գյուղացուն այդպես էլ չի հասնում. «Գյուղվարչության 2 պետերի արդեն կալանավորել են, մյուսներին էլ է դա սպասվում: Վառելիքն ու պարարտանյութը գյուղացին չի ստացել, այլապես մարզպետն իր հողերն ինչո՞վ պետք է ցանի ու պարարտացնի»: