«Էդ խալաթները հագեք ձեր թալանչիների հետ, ժողովուրդների հետ գործ չունեք». Աշոտ Մանուչարյան

«Էդ խալաթները հագեք ձեր թալանչիների հետ, ժողովուրդների հետ գործ չունեք»,- այսօր մամուլի ասուլիսում դիմելով Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին` ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով Մոսկվայում կալանավորված Հրաչյա Հարությունյանի դեմ կատարված գործողություններին և դրա շուրջ առաջացած հայ-ռուսական լարվածությանը:

«Մենք քիչ, թե շատ սովորել ենք խոսել Ռուսաստանի հետ. ասենք` Ռուսաստանը մի վատ բան է անում, զենք է վաճառում Ադրբեջանին, խալաթ է հագցնում մի հայ տղամարդու, և անմիջապես բոլորը ոտքի են կանգնում, գոռում են, կռվում են, տանում, դեսպանին խալաթ են տալիս, բայց խալաթը տալու հետ պետք է ասել` եթե սրանից հետո որոշում ես հայաստանցի մեկին խալաթ հասցնել, ուրեմն մենք ունենք թալանչիներ, ինչպես և դուք, ձեր թալանչիները մեր թալանչիների հետ ախպերներ են, իրենք քանդում են մեր երկրները, մեր մեջ առճակատում են առաջացնում: Էդ խալաթները հագեք ձեր թալանչիների հետ, ժողովուրդների հետ գործ չունեք, այս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` Ռուսաստանի Դաշնության դիմաց բողոքի ակցիա իրականացրած երիտասարդներն այս խոսքերով խալաթը պետք է հանձնեին ՌԴ դեսպանին: Ի դեպ, ըստ նրա` ավելի ճիշտ կլիներ խալաթը հանձնել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սոբյանինին, ով ավելի մեծ մեղք ունի այս պատմության մեջ:

«Ինձ մտահոգում է նաև մի բան. Հայաստանում ձևավորվել է մարդկանց մի մեծ խումբ, որը ես կանվանեի Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդ, անգլո-ամերիկյան ալյանսի մարդիկ: Նրանք, հարձակվելով Ռուսաստանի վրա, ուզում են ոչնչացնել հայ-ռուսական դաշինքը, որը մեր անվտանգության հիմնաքարն է: Կարելի է ցանկացած ռուս պաշտոնյայի ինստիտուտի ինչ ասես ասել, բայց երբ խփում ես դրան, դու սպասարկում ես Ամերիկային, բայց ոչ Հայաստանին»,- ասաց նա:

«Անգլո-ամերիկյան ալյանսը շատ լավ օգտագործում է Ռուսաստանի կողմից թույլ տրված ցանկացած սխալ: Ընդհանրապես, ԱՄՆ-ի ազգային ավնտանգության համակարգում, որը պետության ուղեղն է (ազգային անվտանգությունն այն չէ, ինչ կա մեզ մոտ, այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգային անվտանգություն` Գորիկ Հակոբյանի դեպարտամենտը, ուրիշ երկրներում կոչվում է հետախուզություն կամ հակահետախուզություն), ազգային անվտանգության (նկատի ունի ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը,- Ա.Ս.) շենքի պատին գրված է` «ինչ տեղի է ունենում աշխարհում, բխում է Միացյալ Նահանգների շահերից, եթե դուք այդ բանը չեք տեսնում, փոխեք ձեր փեշակը»… Եվ նրանք այդպես շատ էֆեկտիվ գործում են Հայաստանում…Ես անգլո-ամերիկյան ներկայացուցիչների կողմից լսել եմ, որ Հայաստանում Ռուսաստանի կողմից մինչև Բաքու հարվածող «Իսկանդեր-Մ» հրթիռների տեղադրումը վնաս է Հայաստանի անվտանգությանը: Ես ուղղակի զարմացած եմ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Կարդացեք նաև

«Երբ Ռուսաստանի հետ համագործակցում ես, այդ նույն «արջը» հսկայական բաներ է անում քեզ համար, մենք չենք սովորել համագործակցել»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

Նրա կարծիքով` հայ մարդու արժանապատվությունը ոտնահարելու դեմ արդարացիորեն դժգոհելուց բացի` Հայաստանը պետք է կատարի նաև մյուս քայլը` Ռուսաստանի Դաշնության հետ ձևավորի իրական ռազմավարական դաշինք, ինչպես 1993 թվականին:

«Մենք նրա հետ միասին որոշել էինք այնպես ձևավորել այս տարածաշրջանը, այնպիսի անվտանգության համակարգ ստեղծել տարածաշրջանում, որը նպաստավոր էր թե´ մեզ, թե´ իրենց, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների համար: Այդ ընթացքում Ռուսաստանը երեք անգամ զգուշացրել է Թուրքիային, որ եթե վերջինս փորձի որևէ բան անել Հայաստանի դեմ, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը, նա զորք է մտցրել Զանգեզուր, որպեսզի կասեցնի Թուրքիայի հնարավոր ներխուժումը, նա մեզ տրամադրել է զենք-զինամթերք` անսահմանափակ քանակությամբ»,- հիշեցրեց Մանուչարյանը:

«Ուրեմն` Ռուսաստանը կարող է լինել այսպիսի ռեժիմում, և կարող է լինել խալաթ հագցնող և զենք վաճառող, ինչպես տեսանք: Հիմա մեր էլիտան կարծես թե փորձում է ձևավորել հետևյալ միտքը, որ եթե խփենք, վերջը լավ կլինի: Ես «խփելը» տեսել եմ, գիտեմ, որ վերջը վատ է եղել. «Կոլցո» օպերացիան ստացել ենք «խփելու» արդյունքում: Ես չեմ ասում, որ այսպիսի դեպքերում խփել պետք չէ, ես ողջունում եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր անկեղծորեն վեր են կացել, խալաթը վերցրել են և տարել են Ռուսաստանի դեսպանին, ճիշտ է` դեսպանին պետք է չտային, ըստ ամենայնի` երևի Մոսկվայի քաղաքապետին, բայց խնդիրը դա չէ, դեսպանը կգտնի` ում տա խալաթը»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Վերջինս բացատրեց «խալաթի պատմության» էությունը` նշելով, որ սրանով ռուսական իշխանությունները միգրացիայի և ներգաղթյալների հարցը փորձել են օգտագործել առաջիկայում կայանալիք Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, այդ պատճառով` այդ մարդկանց պետք էր իրենց տեղը ցույց տալ:

Սակայն, ըստ Մանուչարյանի, կա նաև հարցի երկրորդ մասը: «Հայաստանի ղեկավարությունը հավաստիացրել էր Ռուսաստանին, որ չի ստորագրելու Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանն ասել էր` «դա իմ երկրի ոչնչացման ուղին է, մի արեք այդ բանը…»:  Մեր ստրատեգիական դաշնակիցն ասում է` էլի հետը լավ եղիր, բայց մի ստորագրի էդ բանը… Նա մեզ զգուշացրել է` ոչ ոք ոչ մի պատերազմով ձեզնից մի թիզ հող չի խլի, բացառված է և´ պատերազմը, և´ Ղարաբաղից որևէ բան ձեզնից խլելը, բացի մի դեպքից, եթե դուք ինքներդ չհանձնեք Ղարաբաղը: Բայց Ռուսաստանը գիտի, որ փող աշխատող հայ պաշտոնյայի համար Ղարաբաղն ինչ է, որ չծախի…Հոգիդ ես ծախել»,- այսպիսի կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը` ավելացնելով, որ Ռուսաստանի հետ դաշինքը խորքային համագործակցության վերածելու դեպքում` նման իրավիճակները կբացառվեն, և Հայաստանը կստանա բազմաթիվ օգուտներ:

Տեսանյութեր

Լրահոս