
Իտալական ոստիկանությունը բացահայտել է Դեդ Հասանի սպանությունը. Rosbalt

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալացի ոստիկաններն իրենց ռուս գործընկերներին իրազեկել են, որ պատրաստ են օգնել նրանց՝ հետաքննելու համար ազդեցիկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի սպանությունը, ով հայտնի է «Դեդ Հասան» մականունով:
Իտալական ոստիկանությունը Եվրոպայում ռուսական մաֆիայի դեմ ձեռնարկած օպերացիայի շրջանակներում վերծանել է երկու «քրեական գեներալների»՝ Տարիել Օնիանիի (Տարո) և Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկի) բանակցությունների ձայնագրությունները:
Ուսոյանի սպանության նախօրեին նրանք խոսել են նրան «չեզոքացնելու» անհրաժեշտության մասին: Պարզվել է, որ իտալացի ոստիկանները վերջին տարիներին գաղտնալսել են Ջանգվելաձեի բոլոր հեռախոսազրույցները, երբ նա ժամանել է Իտալիա: Դրա շնորհիվ ոստիկանների տրամադրության տակ են հայտնվել Իտալիայում Ջանգվելաձեի կազմակերպած «սխոդկաների» խոսակցությունները:
«Օրենքով գողը» սովորաբար նման դեպքերում բանկետային սրահներ էր վարձակալում Հռոմի կամ Միլանի կենտրոնում գտնվող հյուրանոցներում: Այդ միջոցառումների հեռակա մասնակից էր դառնում Տարոն, ով ռուսական բանտից մյուս մաֆիոզիների հետ շփվում էր հեռախոսազրույցով:
Մերաբ Ջանգվելաձեն հերթական «սխոդկաներից» մեկը կազմակերպում է 2012 թվականի սեպտեմբերին, Հռոմում: Դրա ժամանակ «օրենքով գողերը» առաջին հերթին քննարկում են իրենց ձգձգվող «պատերազմը» Դեդ Հասանի կլանի դեմ:
Միջոցառման ժամանակ Մերաբն ու Տարոն հեռախոսազրույց են ունենում, որի ժամանակ Մերաբը հայտնում է, որ «օրինաճանաչները» քննարկում են Ուսոյանի ճակատագրի հարցը: Իտալական ոստիկանության ձայնագրության համաձայն, Տարոյի պատասխանը լինում է շատ կարճ. «Վերացրեք նրան և կվերանան բոլոր խնդիրները»:
Իտալիայում կարծում են, որ հենց այդ զրույցից հետո «սխոդկայի» ժամանակ մահվան դատավճիռ է կայացվում Ուսոյանի նկատմամբ, որին դիպուկահարը 2013 թվականի հունվարի կեսին սպանում է Մոսկվայում:
Ուսոյանի սպանությունից քիչ անց իտալացի ոստիկանները գաղտնալսում են Տարոյի ու Մերաբի միջև տեղի ունեցած նոր հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկում են իրականացված սպանությունը: «Քրեական գեներալները» հրճվում են. «Այսօր մեր բոլորի ծննդյան օրն է: Մենք կատարեցինք 100 քայլ դեպի առաջ»:
Նշվում է, որ Ռուսաստանի ՆԳՆ-ը թերահավատորեն է մոտեցել իտալական ոստիկանության այդ ձայնագրություններին՝ ընդգծելով, որ դրանց պակասում է կոնկրետությունը: