Հին ընկերներն ու նոր հանրապետականները

Կիրակի օրը Պռոշյանում կայացած գյուղապետի ընտրություններն առաջինն էին վերջին մեկ տարվա ընթացքում կայացած երկու համապետական և Երևանի ավագանու ընտրություններից հետո: Առաջինը լինելով` դրանք պետք է արտահայտեին «նոր Հայաստանի» որակը, որն, ըստ այդ երեք ընտրություններում հաղթած ՀՀԿ-ի, «աննախադեպ աճ է արձանագրել»:

Բայց կիրակի օրը տեղի ունեցավ այն, ինչ կարող էր տեղի ունենալ «խփված տոկոսներով» վերարտադրված իշխանության պայմաններում. 76 ձայնի առավելությամբ, ըստ ԿԸՀ-ի, ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը հաղթեց ՀՅԴ-ական, ինքնառաջադրված Վովա Սահակյանին:

Հաղթեց այնպես, ինչպես նրա հարազատ կուսակցությունը՝ անցած երեք ընտրություններում՝ ընտրակաշառք, ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցություն, և այլն: Հիշեցնենք, որ Պռոշյանում գյուղապետի ընտրություններ էին նշանակվել նախկին գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո: Արթուր Մուրադյանի հիմնական մրցակից Վովա Սահակյանին աջակցում էր նաև Հրաչ Մուրադյանի ընտանիքը, հասկանալիորեն գյուղի բնակչության մեծամասնության համակրանքը նրա կողմն էր՝ որպես սպանված գյուղապետի կուսակից ընկերոջ և ընտանիքի բարեկամի:

Բայց քանի որ «ամենաժողովրդավարական ընտրություններ» անցկացնող ընտրական-պետական մեքենան աշխատում էր ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, հենց նա էլ հաղթեց ընտրություններում: Առանձին վերցրած այս գյուղի օրինակը ցույց է տալիս, թե ինչ հեռանկար է սպասվում Հայաստանում առաջիկա տարիներին: Բոլոր մակարդակի ընտրություններում ՀՀԿ-ի «հաղթանակ» և համատարած հանրապետականացում, որը վերջին մի քանի ընտրություններին գերկատարելագործված ընտրակեղծարարության մեքենան կարողանում է ապահովել առանց մեծ աղմուկի, ծեծուջարդի, լցոնումների: Բոլոր այդ միջոցներին հիմա փոխարինում է ամենազոր փողը, որը ՀՀԿ-ի ակտիվ մասնակցությամբ դարձել է ընտրությունների միակ ու ամենավճռորոշ գործոնը:

Պռոշյանի գյուղապետի ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին ոչ միայն իշխանության, այլ նաև քաղաքական համակարգի մյուս մասնակիցների արատները: ՀՅԴ-ն, որը Հրաչ Մուրադյանի սպանությունը որակեց քաղաքական, Պռոշյանում պաշտոնապես թեկնածու չառաջադրեց` սեփական կուսակից Վովա Սահակյանին թողնելով առանց քաղաքական աջակցության: Իսկ ընտրությունների օրը տեղի ունեցածից, Վովա Սահակյանի կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելուց հետո անգամ ՀՅԴ-ն առայժմ նույնիսկ քաղաքական դիրքորոշում չի հայտնել: Բարձրաստիճան դաշնակցականները պայքարում են ոչ թե ընտրությունների համար, այլ գերադասում են մարտնչել վարչապետի հայտարարած վիրտուալ «պատերազմում»: Իհարկե, ՀՅԴ-ն վաղ թե ուշ, իր սովորության համաձայն, ինչ-որ լղոզված հայտարարություն կանի՝ հերթական անգամ ցույց տալով, որ հին ընկերները լավ էլ դավաճանում են:

Տեսանյութեր

Լրահոս