Ինչպես աշխատել 700 միլիոն դրամ
Այսօր «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը լուր է հրապարակել, որ Երևանում ավտոկանգառների մոնոպոլիան Երևանի քաղաքապետարանից փոխանցվել է մասնավոր ընկերություններից մեկին, որը պատկանում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին:
Ի պատասխան թերթի հրապարակման՝ ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել, որով հստակեցնում է՝ «Միհրան Պողոսյանը չունի իրեն պատկանող որևէ ընկերություն և որևէ կապ հիշյալ մրցույթում շահած ընկերության հետ: Լրատվամիջոցներին ևս մեկ անգամ հորդորում ենք դեղին մամուլին հատուկ ոճով հարցադրում-հրապարակումներից առաջ հարցերի պատասխանները ճշտել հասցեատերերից»:
Հայտնի է, որ մեր պաշտոնյաներն իսկապես բիզնեսներ չունեն, բիզնեսներ, որոնք գրանցված են իրենց անունով, և փաստաթղթային տեսակետից իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Փոխարենը՝ բիզնեսներ ունեն նրանց ընտանիքի անդամները՝ կին, զավակներ, զոքանչ, և այլք, մի խոսքով՝ փոխկապակցված անձինք: Իսկ օրենսդրությամբ չի արգելվում, որ պաշտոնյաների մերձավորները բիզնես ունենան: Այս դեպքում ԴԱՀԿ-ից չեն ճշտել, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձինք որևէ առնչություն ունեն տվյալ ընկերությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու գործընթացն անցած տարեվերջին շահել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, որն, ի դեպ, հիմնվել է 2012-ի սեպտեմբերին:
168.am-ը փորձեց հենց հասցեատերերից ճշտել, թե «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության ետևում ով է կանգնած: Միակ հեռախոսահամարը, որ հասանելի է ընկերության կայքում, զանգերի կենտրոնի համարն է, որտեղ, սակայն, հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել և, ուղղորդեցին դեպի Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետարանում, բնականաբար, նշեցին, որ մասնավոր ընկերության վերաբերյալ հարցին իրենք իրավասու չեն պատասխանել: Ի վերջո, մեզ հաջողվեց կապ հաստատել «Փարկինգ Սիթի Սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ, ով միանշանակ հերքեց, թե ընկերության սեփականատերը Միհրան Պողոսյանն է, սակայն հրաժարվեց տեղեկություն տրամադրել «իրական սեփականատերերի» մասին:
Թե ինչպես է նորաստեղծ, անփորձ ընկերությունը շահել մի մրցույթում, որը բավականին պատասխանատու աշխատանք է ենթադրում և, ինչն էլ ավելի կարևոր է, նվազագույն ծախսերով առավելագույն եկամուտ է ապահովելու, դա առայժմ անպատասխան մնացած հարց է: Ավտոկայանատեղիների տուրքի հավաքագրումն իրականացվելու է միմիայն անկանխիկ եղանակով և քաղաքապետարանի հաշվեհամարին: Բայց հավաքագրված տուրքի 70 %-ը հատկացվում է «Փարկինգ Սիթի Սերվիսին», իսկ քաղաքային բյուջե է փոխանցվում միայն 30 %-ը: Վ.Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել այս հանգամանքը՝ նշելով, որ դա քաղաքապետարանի առաջադրած պայմանն է:
Ի դեպ, Երևանի 2013թ. բյուջեով նախատեսվում է հավաքել 1 մլրդ դրամ տուրք, այսինքն՝ 700 մլն դրամ տրամադրվելու է այս նորաստեղծ ընկերությանը:
Ի պատասխան մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերին գրանցված ընկերությունը մի քանի ամիս անց «առանց հովանավորի» հաղթում է նման պատասխանատու մրցույթում, Վ.Հարությունյանը հավաստիացրեց, թե «հովանավոր չկա», «Գնումների մասին» օրենքով հայտարարված մրցույթում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն բավարարել է քաղաքապետարանի ներկայացրած պայմաններին, այժմ սկսել է Երևանի ավտոկայանատեղերի կազմակերպումը, և ինքը պատրաստ է պատասխանել դրա հետ կապված տեխնիկական հարցերին:
Ինչևէ: Ընկերության կայքում մինչմրցութային ժամանակաշրջանի գործունեության մասին ոչինչ նշված չէ: Այնպիսի տպավորություն է է, որ այս ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով ու համոզվածությամբ, որ հաղթելու է քաղաքապետարանի հայտարարած մրցույթում ու իրեն է բաժին ընկնելու կարկանդակի այս պատառը: Իսկ հաշվի առնելով մեր, մեղմ ասած, ոչ պայծառ իրականությունը, նման արտոնություն վայելում են «տանիքավորները», անկախ նրանից՝ այդ տանիքի անունը Միհրան Պողոսյա՞ն է, թե՞ Պողոս Պողոսյան: