Արագածոտնի մարզպետը՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առավոտյան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 200-ից ավելի գյուղացիներ բողոքի ակցիա էին անցկացրել: Նրանք փակել էին ճանապարհը, և ավտոմեքենաներին չէին թողնում շարժվել:

168.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհել են, որ ուշացրել են իրենց թոշակները: Մեր հարցին՝ արդյոք որոշակի քայլեր ձեռնարկե՞լ եք՝ խնդրի լուծման համար, Սարգիս Սահակյանը պատասխանեց. «Շաբաթ օրն ինձ մոտ քննարկում է: Իրենք («Հայփոստը»:- Օ. Հ.) տարբեր բաներ են ասում, բնակիչները՝ տարբեր: Իրենք ասում են, որ մենք գնում ենք, նորմալ կազմակերպում ենք, բնակիչներն էլ ասում են, որ՝ չէ՛ նորմալ չեն գալիս: Շաբաթ օրն ինձ մոտ քննարկում է լինելու հենց այդ հարցի հետ կապված»:

Նշենք նաև, որ այսօր կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր https://168.am/2013/07/10/248198.html, որ կծանոթանա իրադրությանը և անհրաժեշտության դեպքում կմեկնի Արագածոտնի մարզ:

«Ցուցակները նոր տեղեկատվական համակարգով են ձևավորվում։ Այն խնդիրները, որ կային, բայց ակնառու չէին, այժմ դրանք ակնառու են դառնում, և անհրաժեշտություն կա տվյալների ճշգրտման: Նախորդ ամսվա վճարման շրջանակներում ճշգրտվել է 11.000 անձի տվյալ և նրանց վճարումները ներկայում իրականացվում են: Այժմ կա շուրջ 300 անձի չճշգրտված տվյալ, որոնք պետք է ճշգրտվեն, ինչը կատարվում է բավականին լարված, ամենօրյա աշխատանքի ընթացքում, այդ թվում ոչ աշխատանքային օրերին, և հնարավորինս արագ կավարտվի»,- ասել էր նա:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս