Արտեմ Ասատրյանը չի շտապում մեկնել Երևան-Վանաձոր ավտոճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպման
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեռ չի շտապում մեկնել Արագածոտնի մարզ, որտեղ այսօր առավոտից գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ բողոքելով թոշակների բաժանումն ուշացնելու դեմ:
«Արագածոտնի մարզի իրադրությանը կծանոթանամ, ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է մեկնեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Ըստ նրա՝ կենսաթոշակային ցուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են արդեն երկրորդ ամիսը. «Ցուցակները նոր տեղեկատվական համակարգով են ձևավորվում։ Այն խնդիրները, որ կային, բայց ակնառու չէին, այժմ դրանք ակնառու են դառնում, և անհրաժեշտություն կա տվյալների ճշգրտման: Նախորդ ամսվա վճարման շրջանակներում ճշգրտվել է 11 հազ. անձի տվյալ և նրանց վճարումները ներկայում իրականացվում են: Այժմ կա շուրջ 300 անձի չճշգրտված տվյալ, որոնք պետք է ճշգրտվեն, ինչը կատարվում է բավականին լարված, ամենօրյա աշխատանքի ընթացքում, այդ թվում ոչ աշխատանքային օրերին, և հնարավորինս արագ կավարտվի»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել էին և թույլ չէին տալիս, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Դժգոհության պատճառն այն էր, որ «Հայփոստը» գյուղացիների թոշակների բաժանումն ուշացնում է: