Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի հիմնական խնդիրը գյուղատնտեսական մթերքների մթերման հարցն է
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղն ունի 5000 բնակիչ, որոնք զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ: Գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի փոխանցմամբ, չնայած գյուղից արտագաղթողները մեծ թիվ չեն կազմում, սակայն երիտասարդության մեծ մասն այժմ մեկնել է արտագնա աշխատանքի. «Երիտասարդությունը բոլորը դրսում են, ամեն տարի գնացածների 20 տոկոսը մնում է էնտեղ ու հետ չի էլ գալիս»,- ասում է 17 տարի համայնքը ղեկավարող գյուղապետը:
Խոսելով համայնքի հիմնական խնդիրներից, գյուղապետն առաջին հերթին նշեց գյուղատնտեսական մթերքների մթերման խնդրի մասին. «Մենք դպրոց ունենք, մանկապարտեզ ու բուժկետ ունենք, խմելու ջուր կա, ճանապարհների նորոգման աշխատանքներն սկսված են… մեզ համար համար թիվ մեկ խնդիրն այսօր գյուղատնտեսական մթերքների մթերման հարցն է, գյուղացին չի կարողանում իր բերքը շուկա հանել,- ասում է նա ու հավելում,- Մեզ մոտ հողագործության մեջ հիմնականում կարտոֆիլն է, բայց տեղական շուկայում էդքանը չի իրացվում, պետք է դուրս տարվի, իսկ մթերող կազմակերպությունն էլ կարտոֆիլի մեկ կիլոգրամը գնահատում է 40-50 դրամ, որը նույնիսկ գյուղացու ծախսերին չի բավարարում»:
Մթերման լուրջ խնդիրներ կան նաև կաթնամթերքի բնագավառում: Գյուղապետն ասում է, որ իրենք մայրաքաղաքից գտնվելով բավականաչափ հեռու՝ չեն կարողանում կաթը Երևան հասցնել, իսկ գյուղ եկած կաթ մթերողներն էլ այնպիսի գին են առաջարկում, որը գյուղացուն ձեռնտու չէ. «Մեր գյուղի համար, եթե գրելու եք, խնդրում եմ, մի անգամ էլ նշեք, որ թիվ մեկ խնդիրը գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացի ճիշտ կազմակերպումն է, ու եթե դա լինի, ապա մեր հողերի մեծ մասը, որոնք այսօր ամայացել են, նորից կցանվեն ու կվարվեն… բավականաչափ հողեր ունենք, պարզապես գյուղացին դադարել է մշակել, քանի որ մշակված բերքը չի իրացվում, իսկ այսքանից հետո գյուղացուն մնում է միայն մի բան` հեռանալ գյուղից»,- նշեց Վերին Գետաշենի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը՝ ավելացնելով, որ ճիշտ մթերում կազմակերպելու և աշխատատեղերի խնդիրը լուծելու դեպքում Վերին Գետաշենից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը 50 տոկոսով կկրճատվի:
Լուսանկարը` հեղինակի