Ի՞նչ փոփոխություններ են նախատեսում «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում
Հուլիսի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում։ Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, թեպետ ինքը չգիտի՝ ինչ է նկատի ունեցել նախագահը, արդյոք փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատի լիազորություններն ավելանալո՞ւ են, թե՞ պակասելու, բայց հայտնեց, որ այդ աշխատանքները կատարելու համար առաջիկայում կձևավորվի աշխատանքային խումբ:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք նվազեցնելու են Վերահսկիչ պալատի գործառույթները:
«Խնդիրը դա չէ: Նախ` հաշվետվության համար պետք է որոշակի չափորոշիչներ լինեն: Ինչպես նախագահն ասաց, ՎՊ-ն ստուգողի կարգավիճակից պետք է դառնա արձանագրող ու գնահատող: Ստուգող կազմակերպություններ մենք շատ ունենք, իսկ ՎՊ ֆունկցիան պետք է օրենքով բնորոշվի: Ոչ թե պետք է խնդիրը լինի նրանում, թե կառավարությունն ի՞նչ որոշեց, որքա՞ն գումար հատկացրեց, ու մտածի, թե կարելի՞ էր ծախսերն ավելի արդյունավետ իրականացնել, այլ` վերահսկողություն իրականացնի բյուջեի նկատմամբ, կարողանա վերահսկել վարկերը… սա է հիմնական խնդիրը»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Գալուստ Սահակյանը, սակայն, շեշտեց, թե իր խոսքերը չպետք է ընդունել՝ որպես ՎՊ-ի դեմ ուղղված քննադատական «սլաք»: Պարզապես, ըստ նրա՝ օրենքը փոփոխությունների կարիք ունի` հստակեցնելու ՎՊ լիազորությունների շրջանակը:
Մեր հարցին, թե հիմա ՎՊ լիազորությունները հստակեցված չե՞ն օրենքով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ` այն ժամանակահատվածում, երբ օրենքն ուժի մեջ մտավ, հստակություն կար: Բայց ժամանակները փոխվում են, փոխվում են մոտեցումները: Մենք էլ որոշակի փոփոխությունների կենթարկենք` ոչ թե պասիվացնելու ՎՊ լիազորությունները, այլ` ակտիվացնելու»: