Կիրո Մանոյան. Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանը դժգոհ է այս պահվածքից

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը Հայաստան-Ռուսաստան պայմանագրային դրույթների խախտում չէ, բայց (շատ մեծ «բայց») սա ռազմավարական դաշնակցի ակնկալված պահվածք էլ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` իր կարծիքը հայտնելով ռուս-ադրբեջանական ռազմական գործարքի մասին:

Միաժամանակ անդրադառնալով ռուսաստանյան պաշտոնյաների այն պնդմանը, որ այդ զենքի մատակարարումն Ադրբեջանին չի խախտում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը` դաշնակցական Կիրո Մանոյանը նշեց, որ, այնուամենայնիվ, նման հարձակողական տիպի զենքի վաճառքը մեծացնում է պատերազմի հավանականությունը:

«Ադրբեջանի նման պետության ձեռքին հայտնվում է նոր զենք: Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է, որովհետև, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեծանում է գայթակղությունը Ադրբեջանի մոտ, որ ինչ-որ քայլերի դիմի, որպեսզի կարողանա իրավիճակը փոխել»,- նշեց Կ. Մանոյանը:

«Այս իմաստով` մտահոգիչ է Ռուսաստանի պահվածքը, որքան էլ փորձեն ներկայացնել, որ ռազմական հավասարակշռությունը չի խախտվում: Հայաստանի ոչ պաշտոնական շրջանակներից կան տեսակետներ այն մասին, որ դա ոչ միայն խախտում է, այլև վտանգում է, որովհետև իրենց տրամադրված զենքերը հարձակողական են»,- ավելացրեց նա:

Կարդացեք նաև

Իսկ այդ գործարքի վերաբերյալ պաշտոնական Երևանի կեցվածքի մասին Կիրո Մանոյանը նշեց հետևյալը. «Դարձյալ եթե ճիշտ չէ ասվածը, որ ռազմական հավասարակշռությունը չի խախտվում, դա արդեն կոռեկտ կեցվածք չէր, երբ ընդհանրապես փորձում էին տարածել այն միտքը, որ չի խախտում: Իսկ այլապես հրապարակային հակազդեցությունն այնքան էլ ադեկվատ չէ, եթե ուրիշ բաներ  փոխանցել են, չգիտեմ: Այսինքն` Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանը` և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունները, և՛, ընդհանրապես, քաղաքական ուժերը դժգոհ են այս պահվածքից»:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունը չցանկացավ մեկնաբանել ռուս-ադրբեջանական գործարքը` դրա հրապարակայնացումից հետո . ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում  նշեց, որ դրան արդեն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սակայն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին՝ ընդամենը հայտարարել էր, որ Ադրբեջանին վաճառվող զինատեսակները չեն խախտում ուժերի հավասարակշռությունը և «ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա այդ մասին հայտարարություն կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով մամուլում գործարքի վերաբերյալ «որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:
Միաժամանակ դաշնակցական գործիչը, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ գնահատելով ոչ ադեկվատ, ավելացրեց, որ չի կարող ամբողջական գնահատական տալ, որովհետև չգիտի, թե ինչ է ասվել այլապես, այսինքն` ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ:

Մեր խնդրանքով` Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի` վերջերս արտահայտած տեսակետին, թե պատերազմին «մի քանի ամիս է մնացել»:

«Ես հիմք չունեմ ասելու, որ պատերազմին դեռ մի քանի ամիս կա, բայց, որ նման քայլերով հավանականությունը մեծանում է` մեծանում է:  Երբ ասում ենք` պատերազմի հավանականությունը մեծանում է, դա չի նշանակում` անպայման Ադրբեջանն ինչ-որ գործողություն պետք է սկսի, բայց Ադրբեջանի պահվածքը` անընդհատ զինադադարի խախտումները, զինվելը և այլն, կարող են բերել մի իրավիճակի, որ պատերազմը վերսկսվի,- ասաց Կիրո Մանոյանը` ավելացնելով,- Պարզ խոսքով` եթե տեսնենք, որ Ադրբեջանն այնքան է ուժեղանում, ինչո՞ւ ոչ, հավանաբար մենք պետք է վայրկյան առաջ սկսենք պատերազմը, որ առաջ կանգնենք այդ ուժեղացմանը: Այսինքն` սա քաղաքական գնահատականի խնդիր չէ, այլ ռազմական գործողություններից հասկացողների տեսակետ»:

Ավելացնենք, որ Ադրբեջանի Հանրապետությանը Ռուսաստանի կողմից մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զինատեսակների վաճառքի մասին տեղեկությունները հունիսի կեսերին տարածեցին ռուսական լրատվամիջոցները: Մասնավորապես, նշվեց տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հրետանային համակարգերի նոր տեսակների մասին, բայց մամուլում առավել մեծ արձագանք ստացավ հատկապես «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի վաճառքի մասին տեղեկությունը:

Տեսանյութեր

Լրահոս