Ռուսները Ադրբեջանին վաճառել են աշխարհի ամենահզոր համակարգը. ի՞նչ է «Սմերչ»-ը (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջերս լայնորեն քննարկվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինատեսակների թեման։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը գնել էր մոտ 1 միլիարդ դոլարի զենք, այդ թվում տանկեր, զրահամեքենաներ, հրետանային կայանքներ և այլն։ Սակայն ամենից բուռն քննարկման առարկա դարձավ մեկ դիվիզիոն (18 կայանք) «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգի գնումը։ Որովհետև այն ահավոր հզոր զինատեսակ է։ Կարծում ենք՝ մեր հայրենակիցներին հետաքրքիր կլինի իմանալ, թե մեր ռազմավարական դաշնակիցն ու դարավոր եղբայրը ինչ զենք է տրամադրել Ադրբեջանին՝ մեր իսկ դեմ օգտագործելու համար։
Եվ այսպես, «Սմերչ»-ը համարվում է այս պահի դրությամբ աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգը։ Կործանիչ ուժով այն զիջում է միայն ատոմային ռումբին։ Այն նախագծվել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն նախագծման ժամանակ հաշվի են առնվել հետագա կատարելագործման հնարավորությունները։ Այսինքն՝ «Սմերչ»-ը այս տարիների ընթացքում մշտապես կատարելագործվել և շարունակում է կատարելագործվել և այժմ շատ մոտ է գերճշգրիտ զենք համարվելուն։
«Սմերչ»-ը արձակում է 12 կրակոց ընդամենը 40 վայրկյանում։
30մմ-անոց հրթիռները հաղթահարում են 90կմ հեռավորություն և անվրեպ խոցում թիրախը։ Ընդ որում, թիրախ ասվածը բառի բուն իմաստով շատ լայն հասկացություն է։ «Սմերչ»-ի մեկ հրթիռը ոչնչացնում է կենդանի ամեն ինչ 67հա մակերեսով (130 ֆուտբոլի դաշտ)։ «Սմերչ»-ի ամենամոտ մրցակիցը՝ ամերիկյան MLRS-ը, ունի ընդամենը 40կմ հեռավորություն, իսկ ճշգրտության աստիճանը բավականին ցածր է։
«Սմերչ»-ն ունի թռիչքի կառավարման համակարգ։ Այսինքն՝ թիրախին չհասնելը կամ դրանից անցնելը բացառվում է։ Համակարգը նաև ավտոմատ կարգավորում է հրթիռի արագությունը։
«Սմերչ»-ի առանձնահատուկ գծերից մեկն այն է, որ յուրաքանչյուր հրթիռ մինչև թիրախին հարվածելը բաժանվում է 500 ֆուգասային-բեկորային արկերի՝ այդպիսով խոցելով բավականին մեծ մակերես և շարքից հանելով հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան։
Սակայն սա դեռ ամենը չէ. «Սմերչ»-ը կարող է հակատանկային արկեր տարածել մեծ հեռավորության վրա։ Այսինքն՝ համակարգի օգնությամբ կարելի է ականապատ դաշտ ստեղծել հենց հակառակորդի քթի տակ։
«Սմերչ»-ը ունի նաև հատուկ բաղադրիչ, որը հրթիռից առանձնանալով՝ կարող է ինքնուրույն հայտնաբերել տանկն ու ոչնչացնել այն։
Եվ վերջին նորարարություններից. «Սմերչ»-ը այժմ կարող է հրթիռի հետ հակառակորդի տարածք տեղափոխել անօդաչու ինքնաթիռ, որը 1.5 ժամ կպտտվի տարածքի վրա և տվյալներ կփոխանցի, թե հարվածն ինչ արդյունք է տվել։
Այս ամենը «Սմերչ»-ի հնարավորությունների միայն մի մասն է, որը գաղտնազերծված է և հրապարակման ենթակա է։ Այս ամենից հետո ինքներդ կարող եք դատել, թե Ռուսաստանը ինչ վտանգի առաջ է կանգնեցնում իր ռազմավարական գործընկեր Հայաստանին։
Մի նկատառում ևս։ Մեր հայրենակիցների մեջ կան մարդիկ, ովքեր քննադատում են, երբ հայկական ԶԼՄ-ները լուսաբանում են ադրբեջանական կամ թուրքական զինատեսակների թեման։ Նշենք, որ մենք չենք կարծում, թե այս տեղեկատվությունը կարող է որևէ կերպ ազդել հայկական զինուժի բարոյահոգեբանական վիճակի կամ պատրաստվածության վրա։ Հակառակը, ավելի ճիշտ է առավելագույնս շատ տեղեկություններ իմանալ հակառակորդի մասին և պատրաստ լինել ամենածանր իրավիճակներին։