Բաժիններ՝

«Ժողովրդի այն հատվածը, որը ճաշակով երաժշտություն է լսում, չի գոռում դրա մասին»

Հարցազրույց lounge երաժիշտ Արման ԱՄՊ-ի հետ

– Շատերը lounge երաժշտությունը համարում են ավելի «թեթև», անցումային երաժշտական ոճ: Համամի՞տ ես այս կարծիքի հետ: Թե՞, այնուամենայնիվ, lounge-ի մասին այս ընկալումն ինֆորմացիայի պակասից է:

– Արվեստի յուրաքանչյուր ճյուղ ունի իր հարաբերական ընկալումը: Lounge երաժշտությունը ևս բացառություն չէ: Ինձ համար էական չեն կաղապարված այն տեսակետները, լինեն դրանք իրականությանը մո՞տ, թե՞ շատ հեռու, երաժշտության թեթև կամ ծանր ընկալման մասին: Իմ երաժշտությունը թեթև ոճի չի կարող համարվել, որովհետև այն, ինչ ես ցանկանում եմ փոխանցել, ամենևին «թեթև» չէ: Իմ ստեղծագործություններից մեկը` «Սև սիրտ կակաչները», ի հիշատակ Հայոց ցեղասպանության, որքան էլ ցանկանաս, չես կարող համարել թեթև կամ ժամանցային: Ճիշտ է, այն դասական երաժշտություն չէ, բայց թեթև կամ ծանր որակումները բովանդակության, էության հետ պետք չէ կապել: Ես ձգտում եմ երաժշտության այդ 4 րոպեների ընթացքում ունկնդրին ապրումակից դարձնել, փոխանցել այն, ինչ ես զգացել եմ: Եթե որևէ մեկը կարող է մտածել, որ Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունը կարող է «թեթև» լինել, ապա դա ընկալման խնդիր է: Մարդկանց պարզապես թվում է, որ եթե ստեղծագործության մեջ դուդուկի կամ թավջութակի հատված չկա, ուրեմն այն թեթև ժանր է: Ես այդպես չեմ կարծում: Իսկ, օրինակ, իմ Teenage dream աշխատանքը կարող է թեթև համարվել, որովհետև այն պատանիների երազների մասին է պատմում:

cover 4

Կարդացեք նաև

– Գիտեմ, որ քո երաժշտությունը հնչում է երևանյան սրճարաններում: Ի՞նչ ես կարծում, այն ավելի ընկալելի է սրճարանայի՞ն, թե՞ ակումբային հանրության համար:

– Եթե ընտրության հնարավորություն լիներ` ակո՞ւմբ, թե՞ սրճարան, կընտրեի սրճարանը, որովհետև սրճարանում շատ են այն մարդիկ, ովքեր մենակ են, իրենց մտքերով են ընկած: Ակումբներում մելանխոլիկ մարդկանց քիչ կհանդիպես, ովքեր եկել են իրենք իրենց հասկանալու, իրենց մտքերի հետ մենակ մնալու կամ խորհելու: Եվ, քանի որ իմ երաժշտությունն ավելի ռոմանտիկ, զգացմունքային, ավելի խոցելի մարդկանց համար է, ապա սրճարանում այն ավելի լավ է ներգրավվում: Բայց ամեն ինչից անկախ՝ ես նախընտրում եմ մարդ` ականջակալներով: Նման մարդիկ, որպես կանոն, առանց երաժշտության իրենց առօրյան չեն պատկերացնում, խորասուզվում են ստեղծագործությանդ մեջ, ըմբռնում ամեն տակտը… Մի փոքրիկ գաղտնիք բացեմ. քանի որ ես երաժշտական կրթություն չունեմ, գործիքավորել ինքնուրույն եմ սովորել, երբեմն սխալներ եմ թույլ տալիս, մասնավորապես՝ ականջակալներով եմ աշխատում: Ուստի նախընտրելի է, որ իմ ստեղծագործությունները նույնպես լսեն ականջակալներով: Նշեմ, որ  միշտ ուրախ եմ պրոֆեսիոնալների քննադատություններից, առավել ևս` թերություններս մատնանշողներից:

– Playlist-դ ուսումնասիրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ ստեղծագործություններդ կոնկրետ անհատներին են նվիրված:  Կա՞ն մարդիկ, ովքեր ոգեշնչում են քեզ ստեղծագործելու:

– Կան ստեղծագործություններ, որոնք կոնկրետ մարդկանց են նվիրված, գրվել են հենց այդ մարդկանց համար: Բայց եթե մարդն առանց դադարի` repeat off, լսում է դա, նշանակում է, որ իրեն ավելի շատ է այն վերաբերում, քան նրանց, ում համար գրվել է: Կոնկրետ մարդիկ, ովքեր կոգեշնչեն ինձ` չկան: Իմ երաժշտության հիմքում կարող են լինել պատահարներ, մարդկային հույզեր, միջադեպեր, բայց հիմնականում` ստեղծագործելու ստիմուլ է տալիս բնությունը` երկինքը, ամպերը… Իմ ստեղծագործություններում էլ կան «բնական» ձայներ, եթե նկատել եք՝ կան քամու, ջրի, կաթիլների հնչյուններ, որոնք անմիջականորեն կապված են «իմ երկնքի» հետ:

Tika

Lounge երաժշտությունն ապրելակերպ թելադրո՞ւմ է:

– Ընդհանրապես ես համամիտ չեմ այն կարծիքների հետ, որ երաժշտությունն առանձնահատուկ ապրելակերպ է թելադրում, և, որ մարդ լսում է մի ուղղվածության երաժշտություն ու դառնում է այդ երաժշտության կողմից թելադրված կենցաղի կրողը: Ես ամեն տեսակի երաժշտությում եմ լսում` սկսած դասականից՝ մինչև կլարնետահար Հովոյի երգերը: Եթե իմ երաժշտությունը զգայուն է, ավելի զգացմունքային, ավելի ռոմանտիկ, դա դեռ չի նշանակում, որ իմ բոլոր լսողները տխուր են, դեպրեսիվ կամ դժբախտ են: Ամենևին (ծիծաղում է.- Տ.Մ.):

– Գուցե դժբախտ չեն, բայց համաձայն չե՞ս, որ երաժշտությունն, այնուամենայնիվ, տրամադրություն փոխանցում է:

– Չեմ կարող չհամաձայնել:

– Գործիքավորման մեջ կա՞ ինչ-որ սկզբունք, որը պահպանում ես, և, առհասարակ, դժվար չէ՞ առանց համապատասխան կրթության գործիքավորմամբ զբաղվել:

– Ոչ: Քանի որ սա ինձ համար զուտ հոբբի է, և, քանի որ ես ընթացքում դեռ սովորում եմ, լավ չեմ տիրապետում աշխատանքի բոլոր կողմերին, բնականաբար, դժվարանում եմ: Կան, օրինակ, ձայնային այնպիսի էֆեկտներ, բիթեր, որոնք ես կցանկանայի օգտագործել իմ աշխատանքները ստեղծելիս, բայց իմ ունեցած գիտելիքներն ու ձեռքի տակ եղած գործիքները չեն համապատասխանում այդ ցանկություններին: Վերջերս dubstep-ային փորձեր եմ արել, լսողներն ասում են` հաջողվել է: Չգիտեմ` գուցե երաժշտական ընկալման սկզբունքների բացակայությունն ավելի՞ դրական է…

cover 3

– Եթե անկեղծ խոսենք, lounge լսողները Հայաստանում քիչ են, երաժիշտներ էլ առանձնապես չկան: Հայ երաժշտասեր հասարակությունը պատրա՞ստ է ընդունել lounge-ը:

cover 2– Կարծում եմ` յուրաքանչյուր ստեղծագործողի համար լսարանի քանակը երկրորդական է: Իհարկե, կուրախանամ, որ իմանամ` մարդիկ պահանջում են, որ սրճարաններում lounge հնչի, այդ թվում՝ իմ երաժշտությունը: Բայց ինձ համար կարևոր չէ `քանի՞ հոգի է լսել իմ ստեղծագործությունը, ինձ համար ավելի կարևոր է՝ քանի հոգի է ընկալել այն, ինչ փորձել եմ փոխանցել, քանի հոգի է զգացել այն, ինչ ես եմ ապրել:  Անշուշտ, հաճելի է, երբ շատ լսողներ ես ունենում, բայց հավատացեք, դա երրորդական է: Երբ զգամ, որ ինձ ոչ ոք չի հասկանում` թեկուզ մի մարդու իմ էմոցիաները հետաքրքիր չեն՝ այլևս չեմ զբաղվի այս գործով: Թվում է, թե կիսաֆոլկ, ժամանակակից էլեմենտներով խառնած ռաբիս ու նման ոճերն են գերիշխում: Բայց դրանք երևացող կողմերն են: Մենք անցնում ենք փողոցով, լսում ենք այդ բարձր մեքենաներից հնչող բարձր երգերը, բայց մեզ հարց չենք տալիս, թե այն չերևացող մեքենայում ի՞նչ է միացված, ի՞նչ է լսում այդ մեքենայի վարորդը: Ժողովրդի այն հատվածը, որը ճաշակով երաժշտություն է լսում, չի գոռում դրա մասին, դինամիկները չի միացնում, որ շենքը լսի, որ ինքը, օրինակ, Muse է լսում: Play-երը, youtube-ի դիտումները որակի չափանիշ չեն: Գուցե Հայաստանում lounge-ի սիրահարները շատ են, ուղղակի նրանք լռո՞ւմ են…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս