Կվաճառեն, բայց ընդդիմությանը չեն տա
«Բարև Երևւան» դաշինքի ներկայացուցիչներին հրավիրել են «Երևանտրանս» և առաջարկել միևնույն մեքենան` միայն լվացված, փայլեցված վիճակում:
Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի քարտուղար Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք. Քաղաքապետարանից ընդդիմադիր դաշինքին որպես ծառայողական ավտոմեքենա էր տրամադրվել 10 տարվա վաղեմությամբ «ԳԱԶ-3110» մակնիշի տեխնիկապես մաշված, չգործող ավտոմեքենա, որից դաշինքը հրաժարվել էր` պահանջելով փոխարինել այլ մեքենայով:
«Երեկ ես կրկին նամակ եմ գրել Տարոն Մարգարյանին` տեղեկացնելով, որ մենք կրկին հրաժարվում ենք նույն մեքենայից»,- ասել է ընդդիմադիր խմբակցության քարտուղարը` հավելելով, որ ինքն անձամբ է փորձել վարել իրենց առաջարկած մեքենան և համոզվել, որ այն չի կարող ծառայել նպատակին:
Բայց պարզվում է` քաղաքապետարանն իր հաշվեկշռում իրականում ունի անհամեմատ ավելի լավ ավտոմեքենա, ինչի մասին անգամ հայտարարություն է տեղադրել իր պաշտոնական կայքում:
Քաղաքապետարանը հուլիսի16-ին նախանշված աճուրդի մասին հայտարարություն է տարածել, որով վաճառքի է հանվել 2007թ. արտադրության «Վոլկսվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքանա: Մեկնարկային գինը նշանակվել է 10 440 000 դրամ:
Փաստորեն, քաղաքապետարանում գերադասում են վաճառել ավտոմեքենաները, բայց չտալ ընդդիմությանը: