Բաժիններ՝

Պետական կառավարման համակարգը փլուզման փուլում է. փորձագետ

168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

 

– Պարոն Մեսրոբյան, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթօրյա քննարկումը ինչպե՞ս եք գնահատում:

– Ե՛վ այս երևույթը, և՛ վերջին մեկ տարվա բոլոր երևույթներն ապացուցում են, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը փլուզման փուլում է, որովհետև, երբ արդեն սկսվում են խնդիրներ տարբեր գերատեսչությունների տարբեր ղեկավարների միջև և դրանք չի հաջողվում կոծկել, ուրեմն ամբողջ համակարգը գտնվում է տատանումների մեջ:

Կարդացեք նաև

– Չարաշահումների հետ կապված Վերահսկիչ պալատը հրապարակել էր 700 մլրդի չարաշահում, իսկ Սերժ Սարգսյանը նշեց ընդամենը 200-300 մլն թիվը: Թվերի այս մեծ շեղումն ինչո՞վ կբացատրեք:

– Այստեղ մեթոդաբանությունը, որով այդ ամենն արվում է, ինձ ծանոթ չի, բայց այն, որ մեզ մոտ ընդհանրապես բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասը շեղված վիճակում է գտնվում, դա փաստ է: Եկամտային մասը շեղված է այն իմաստով, որ մեզ մոտ հարկային բեռի մեծ ծանրությունն ընկնում է փոքր և միջինի բիզնեսի վրա, իսկ խոշոր ձեռնարկությունները ոչ համաչափ մասհանումներ են անում բյուջեին: Ինչ վերաբերում է ծախսային մասին՝ մենք արդեն որերորդ տարին տեսնում ենք, որ ՀՀ բյուջեն զարգացման բյուջե չէ, «յոլա գնալու» բյուջե է: Այսինքն՝ եթե ամփոփենք մեր բյուջեի տրամաբանությունը, այն տարեցտարի պետության խնդիրները տեղափոխելու բյուջե է: Ըստ տրամաբանության՝ երբ ցանկացած բյուջե ընդունվում է, դրանով պետք է ինչ-որ ուղղություններով կարդինալ հարցեր լուծվեն, որը մեզ մոտ չկա: Ստանդարտ հոդվածներ են, ստանդարտ մասհանումներ են, որն ընդհանրապես, վաղ թե ուշ, կբերի պետական կոլապսի:

– Ձեր կարծիքով՝ սրանով Սերժ Սարգսյանն ակնարկում էր, որ ՎՊ-ն հաշվարկների մեջ չափազանց մեծ սխա՞լ է թույլ տվել:

– Ոչ, ես այլ կողմից եմ նայում. ուղղակի մեր պետական կառավարման համակարգում տարբեր ղեկավարների և գերատեսչությունների միջև անտագոնիզմն այնքան է մեծացել, որ ցանկացած երևույթ մեկնաբանելիս՝ կարող եք տեսնել, թե տվյալ պահին ում շանսերն են ավելի ուժեղ՝ ներքին պայքարի իմաստով: Այլ լուրջ բան պետք չէ փնտրել, որովհետև Հայաստանը 1991 թվականից ի վեր իր մեջ ռազմավարություն չի կրում, իսկ երբ չկա ռազմավարությունը, միշտ առաջանում են զուտ մարտավարական խնդիրներ: Կապ չունի՝ ում միջև: Այստեղ լուրջ երկարատև պրոցեսների տրամաբանություն պետք չի փնտրել:

– Երբ ՎՊ նախագահն իր բացահայտումները հրապարակեց, Սերժ Սարգսյանը երկրում չէր, հետո նա վերադարձավ ու բոլորին «իրենց տեղը ցույց տվեց» այդ ելույթով: Սա ի՞նչ է նշանակում, իշխանական ո՞ր ուժերն են իրար դեմ դուրս եկել, ու ինչի՞ դա կհանգեցնի:

– Այդ ճակատամարտի գծերը վերջին ժամանակները շատ արագ են փոխվում: Այսինքն՝ հստակ առճակատումը երկարատև չի լինում՝ մեկ օր մի տեղով է ճակատամարտի գիծը գնում, մի շաբաթից կամ մի ամսից՝ մյուս տեղով, այսինքն՝ ամբողջ համակարգը հակակարգավորման փուլում է գտնվում: Եվ այստեղ ցանկացած պահին ինչ եզրակացություն անեք՝ 1 ամսից կտեսնեք, որ ճակատամարտն ուրիշ եզրով է գնում: Վերջին 1-2 տարին եթե ուշադիր նայեք, ոչ մի հաստատուն ճակատամարտեր չկան:

– Այսինքն՝ հույս չի՞ կարող լինել, որ ի վերջո ներիշխանական պայքարի արդյունքում կշահի երրորդ ուժը, այս դեպքում՝ ժողովուրդը:

– Բացառվում է: Գիտե՞ք ինչու: Տեսեք՝ երբ ամբողջ պետական համակարգը չունի ռազմավարություն, մենք չգիտենք, թե 3, 10, 20 տարուց հետո ինչ չափորոշիչների պետություն պետք է ունենանք, ուրեմն ամեն ինչ գնում է, այսպես կոչված, ընթացիկ, իրավիճակային կառավարման շրջանակներում: Տվյալ պահին ինչ-որ մի լարվածություն է առաջանում, փորձում են դա կոծկել կամ սառեցնել, և ամեն անգամ նման իրավիճակը ցույց է տալիս, որ ամեն մի հաջորդ փուլում ունենում ենք պետության առջև ծառացած ավելի մեծ, գլոբալ խնդիրներ: Եվ գլոբալ առումով վտանգը կայանում է նրանում, որ քանի որ մեր պետական համակարգը արդեն գրեթե բոլոր ուղղություններով անարդյունավետ է,իսկ կյանքը շարունակվում է, և պետության առջև առաջանում են նորանոր խնդիրներ ու մարտահրավերներ, կգա մի պահ, որ այդ խնդիրների ու մարտահրավերների ծավալն այնքան մեծ կլինի (որովհետև պետությունը շատ չնչին մասն է լուծում, քան նորերն առաջանում են), որ պահ կգա, երբ դրանք իրենց ծանրությամբ կճխլեն մեր պետությանը: Պարզ ասած՝ եթե մենք 1995 թվականին ունեինք 50 մարտահրավեր և լուծվում էր 2-ը, հիմա ունենք 150 մարտահրավեր և լուծվում է 2-ը: Եվ, ի վերջո, այդ քանակը կտա որակ, մենք շատ լուրջ խնդիր ունենք ամբողջ պետության մեջ: Եվ խնդիրը կայանում է նրանում, որ և՛ պետական համակարգը և՛ ամբողջ պետությունը չեն զգում, որ մենք մոտենում ենք մեծ ցնցումների:

– Այս ամենի արդյունքում պաշտոնանկությունների սպասե՞նք:

– Անգամ եթե լինեն, դրանք էությունը չեն փոխի, կարող են ազգանուններ փոխվել, բայց համակարգը չի փոխվի: Այս համակարգը դատապարտված է: Այս համակարգն արդեն անգամ տեսականորեն ունակ չէ ոչ միայն զարգանալու, անգամ պահպանելու այսօրվա վիճակը: Մենք տարեցտարի կունենանք շատ ավելի լուրջ խնդիրներ, և ես վստահ եմ, որ մենք մի քանի տարի անգամ չունենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս