«Ճաղերից այն կողմ կարող է հայտնվել յուրաքանչյուրը»
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրը գերբնակեցումն է: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանը: «Մենք այսօր մի տեղ էինք, որտեղ մարդիկ ժպտում էին տիկին դեսպանին, բայց իրենք քնում են հերթով»,- ասաց նա:
Կ. ԱՆդրեասյանը տեղեկացրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ հրատարակել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» միջանկյալ զեկույցը: Նա հայտարարեց, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ կառավարությունից 11 մլն դրամ էր խնդրել քրեականատորական հիմնարկներ, փակ հասատատություններ իրենց այցերն ավելի ակտիվացնելու համար, սակայն կառավարությունը հրաժարվել էր այդ գումարները տրամադրել: Փոխարենը՝ այդ գումարները տրամադրեց Երևանում Բրիտանական դեսպանատունը: Կարեն Անդրեսյանի խոսքով՝ այս տարվա զեկույցը որոշ առումներով կրկնում է նախորդ տարիներին հրապարակված զեկույցները. «Դա նշանակում է, որ համապատասխան պետական մարմինը չի արել լիարժեք այն աշխատանքը, որը մենք ակնկալում ենք»
Նշենք, որ Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչն այսօր այցելել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տեսակցել են ցմահ ազտազրկված Ստեփանին, ով խնդրել է հանրությանը փոխանցել, որ հատկապես ցմահ ազատարկվածների մասով նման իրավիճակը երկար չի կարող շարունակվել, կարող է մի օր պայթել. «Նա նկատի ուներ, որ կպայթի այնպես, ինչպես օրինակ՝ եղավ ինքնասպանության դեպքը, եղավ շատ-շատերի հետ, որոնք կարող են անել ավելի վատ արարք, քան իրենք ի սկզբանե ի վիճակի էին կամ պատրաստ էին: Կպայթի ոչ միայն նրա համար, որ կան վատ պայմաններ, այլ կա այդպիսի մի հատուկ անտարբերություն ու անարդարություն հասարակության կողմից, առանձին քաղաքական ուժերի կողմից, որոնք չեն գիտակցում, որ բոլորս կարող ենք տարբեր տեղերում հայտնվել տարբեր ժամանակներում: Մարդիկ այսօր անտարբեր են ճաղերից այն կողմ գտնվող մարդկանց հանդեպ. կարծում են, թե դա իրենց երբեք չի սպառնում կամ իրենց հարազատին երբեք չի սպառնում, բայց այնտեղ ճաղերից այն կողմ, մանավանդ մեր այսօրվա դատական համակարգի անկատարության պայմաններում, կարող է հայտնվել յուրաքանչյուրը»:
Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ խնդիրներ է տեսել քրեակատարողական հիմնարկում, ասաց. «Ես կառանձնացնեմ երկու հիմնական խնդիր: Առաջինը՝ հենց շենքն էր, որը սովետական օրերից եկող մի թշվառ շենք էր»: Դեսպանը մատնանշեց նաև գերբնակեցման խնդիրը, ինչպես նաև այլընտրանքային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ասաց, որ կալանավայրերի նման վիճակը պայմանավորված է հիմնականում երեք գործոններից. պետության ֆինանսական կարողությունների սահմանափակություն, կոռուպցիա, քրեական օրենքների ժառանգություն, որը ստացել ենք սովետական միությունից:
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում պահվողների ինքնախեղումների դեպքերին՝ նա նշեց, որ նրանց մեծ մասի պատճառը դատաիրավական համակարգի անկատարությունն է: Ըստ նրա՝ ինքը և կալանավորները բողոքում են ոչ թե ադմինիստարցիայից, այլ դատարաններից:
Կ. Անդրեասյանն ասաց նաև, թե այն, որ կառավարությունը ՄԻՊ գրասենյակին գումարներ չի տրամադրում կալանավայրեր այցելելու համար՝ միտումնավոր չէ: Այսինքն՝ այնպես չէ, որ կառավարությունն այդկերպ ցանկանում է այնպես անել, որ ՄԻՊ աշխատակիցները չտեսնեն բանտերի պայմանները. « Ուղղակի ցավալիորեն գումարնրը միշտ չէ, որ արդարացիորեն են բաշխվում նույն պետական մարմինների միջև, և ես բազմիցս ասել եմ, որ եթե մերժում են մեր այդ շատ սահմանափակ 10 մլն դրամը, ես վստահ եմ, որ եթե խնայեին, ասենք, չգիտեմ՝ թանկ ուղևորությունները, թանկ ծախսերից կամ ճոխություններից, որ թույլ են տրվում առանձին ներկայացուցչական կամ այլ բաների համար, կամ ինչպես մեր հասարակությունն է հիմա հետևում բյուջեի լավ ծախսվելուն, խնայողաբար և արդարացվի ծախսվի, այդ գումարը կհայթայթվի»:
Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ այս աշխատանքն այլևս դոնորական միջոցներով չի անելու, կառավարությունը պետք է գտնի այդ միջոցները. «Ես սպասելու եմ այդ միջոցներին: Եթե ստանամ պետական իմաստով այդ սիմվոլիկ 10-15 մլն-ը, 2014-ին դուք կտեսնեք շատ ավելի խորքային ու ինտենսիվ այցելություններ և տեղեկատվություն, որով մենք կփորձենք մի քիչ ավելի թեթևացնել այդ ծանր վիճակում հայտնված մարդկանց վիճակը»,- ասաց նա:
«Եթե օրենքը իմ վրա դրել է և բյուջեն չլինի, այո՛, ես չեմ կատարի օրենքով այլևս իմ վրա դրված աշխատանքը, և կսկսեմ չկատարել 2014-ի հունվարի 1-ից»,- հավելեց նա: