Պաշտպանը պատրաստ է պաշտպանել Տիգրան Սարգսյանի իրավունքները
168.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս չի՞ պատրաստավում որևէ քայլ ձեռնարկել օֆշորային սկանդալի հետ կապված, պաշտպանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի իրավունքները, քանի որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե որևէ մեկի համար դժվար չէ այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն՝ դրա համար նրանից չունենալով թույլտվություն, և ստացվում է, որ խախտվել են նրա իրավունքները: Ի պատսխան մեր հարցին Կարեն Անդրեասյանն ասաց.
«Եթե պարոն Սարգսյանի՝ վարչապետի իրավունքները խախտված լինեն, և ինքը համարի, որ կարիք կա, որպեսզի վերականգնվի մարդու իրավունքների պաշտպանի միջոցով, մենք պատրաստ ենք նաև մեր վարչապետի իրավունքները պաշտպանել, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ այստեղ հայտարարությունն արդեն բավարար է, քանի չկան վարչապետի հայտարարությունը հերքող այլ ապացույցներ, որ դրանով ինքն իր իրավունքները բավարար չափով պաշտպանի: Չեմ կարծում, որ այս պահին վարչապետն կարիք ունի մարդու իրավունքների պաշտպանի միջամտությանը»:
Մեր դիտարկմանը, որ Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդեսը «Ազատություն» ռադիակայանի հետ զրույցում բացառել էր, որ օֆշորային ընկերության բաժնետեր հնարավոր է գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կարեն Անդրեասյանն արձագանքեց.
«Գիտեք, մեր դատախազն էլ կարող է ասել, որ անհնար է, ասենք, այստեղ անել հանցագործություն, բայց ես հավատում եմ Կիպրոսի դատախազին, օրինակ, որ իրենց երկրում, ըստ օրենքի՝ դա չի կարելի անել, բայց մեր օրենսդրությամբ էլ չի կարելի գրանցել ձեր անունից որևէ կազմակերպություն, բայց եթե ուզենան օրենքը խախտելով դա կարող են շատ հանգիստ անել նաև Հայաստանում, նաև Կիպրոսում, նաև այլ երկրներում: Այնպես որ, Կիպրոսի դատախազի հայտարարությունը գոնե ինձ համար չի հերքում վարչապետի հայտարարությունը»:
Մեր հարցին՝ առավել արժանահավատ եք համարում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությո՞ւնը, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ինչն է ավելի արժանահավատ, որովհետև այստեղ արդեն ես կմտնեմ գնահատականների դաշտ, իսկ մարդու իրավունքների պաշտպանին սազական և գեղեցիկ չէ միջամտել այդպես քաղաքական շահարկումներին և քաղաքական խաղներին: Ինչ վերաբերում է բուն իրավական գնահատականին, կլինի վարույթ, կլինի գործ, ես կուսումնասիրեմ, կտամ իմ իրավական գնահատականը»: