Բաժիններ՝

Զգուշացեք վիրուսներից. Facebook-ում հնարավոր չէ իմանալ, թե ովքեր են ձեզ հյուր եկել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, թե Facebook սոցիալական ցանցում հնարավոր չէ իմանալ՝ ովքե՞ր են ձեզ հյուր եկել կամ ձեր էջը նայել, ինչպես, օրինակ, ռուսական Odnoklassniki սոցցանցի դեպքում է: Ըստ նրա՝ այն ծառայությունները, որոնք դա առաջարկում են, հիմնականում վիրուսային ինչ-որ հարթակներ են: Նրա խոսքով՝ ավելի վատ դեպքեր էլ են լինում: Օրինակ, երբ ոչ թե վիրուս է լինում, այլ մարդ ինքն իր ձեռքով իր գաղտնաբառը նվիրում է:

«Օրինակ, ինչ-որ մի  կայք առաջարկում է ձեր ընկերների էլ.փոստերը կարդալու համար մուտք գործել համակարգ, իսկ համակարգ մտնելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր Facebօօk-ի կամ Odnoklassniki-ի ծածկանունն ու գաղտնաբառը, որը գրելուց հետո մեկ էլ ձեզ պատասխան է գալիս, որ այս պահին սերվերը ծանրաբեռնված է, ավելի ուշ մտեք, բայց իրականում այդպիսով դու քո ձեռքով քո գաղտնաբառը նվիրում ես ինչ-որ մեկին, ով գտնվում է ինչ-որ տեղ և հավաքում է ձեր գաղտնի տվյալները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Բացի այդ, ըստ փորձագետի` կարող է ուղղակի վիրուս մտնել քո համակարգչի մեջ, ընդ որում՝ այդ վիրուսներն այդքան հեշտ չեն ընկնում, մարդիկ բացում են և բավականին շատ գործողություններ են անում և կարծես իրենց ձեռքով տանում են այդ վիրուսը և տեղադրում են համակարգչի մեջ, որովհետև այնքան շատ են ուզում իմանալ, թե իրենց էջը ով է մտնում, որ պատրաստ են անգամ, ըստ Ս. Մարտիրոսյանի, այսպես ասած՝ հայրենիքը վաճառել դրա համար:

«Ընդհանրապես նմանատիպ ծառայությունները, որոնք առաջարկում են լրացուցիչ տեղեկատվություն ինչ-որ մի սոցիալական ցանցում, որը ինքը՝ սոցցանցը, չի տալիս, դրանից պետք է միշտ հեռու մնալ, որովհետև դա նշանակում է, որ ձեզ ինչ-որ մի տեղ ուզում են խաբել»,- ասաց փորձագետը:

Կարդացեք նաև

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով էլ`ընդհանրապես պետք է հեռու մնալ Facebook-ի application-ներից, որովհետև հաճախ, եթե, իհարկե, բարեխիղճ application  է, ապա ինքը նախապես զգուշացնում է, որ այդ application մուտք գործելիս ինքը ձեր որոշ տվյալներն ունենալու է, սակայն ոչ բոլորն են դրան ուշադրություն դարձնում: Իսկ հետագայում հայտնաբերում են, որ իրենց հաշիվն ինչ-որ մեկը սկսել է կառավարել, ինքն ինչ-որ էջեր է հավանել (like), որի մասին տեղյակ չէ, կամ անգամ իր անունից ինչ-որ բան է մեկնաբանվել (comment):

«Նույն Android-ի application-ն ինտերնետից ներբեռնելով, ինքը շատ հստակ գրում է, որ ձեր տվյալների թուլատրությունն է ուզում, և եթե թույլատրում ես՝ ինքը շատ հանգիստ կարող է ցանկության դեպքում, օրինակ, հաղորդագրություն ուղարկել ձեր անունից: Այսինքն` ուշադիր պետք է կարդալ, այնտեղ սովորաբար որևէ բան, օրինակ, եթե Google Play-ից կամ Apple Store-ից եք գնում, այնտեղ ներբեռնելուց գրվում է, թե որ տվյալներին է մուտք ունենալու և, օրինակ, SMS հաղորդագրություն ուղարկելու, նույնը նաև Facebook-ի application-ներին է վերաբերում: Քայլերից մեկի ժամանակ գալիս է պատուհան, որտեղ գրված է, թե այդ application-ը քո անունից գործողություն կատարելու ինչ հնարավորություններ է ստանում»,- ասաց Տ. Քոչարյանը` նշելով, որ կան application-ներ, որոնք խիստ վտանգավոր են, բայց մարդիկ քանի որ այդ մասը չեն կարդում և արագ «Next»-երով անցնում են առաջ, չեն հասցնում ուշադրություն դարձնել, իսկ հետո զարմանում են, երբ ինչ-որ բան են հայտնաբերում, որ իրենց անունից կատարվել է, և որի մասին իրենք տեղյակ չեն:

«Դա նույնն է, երբ մեկը գա և ասի՝ ուզո՞ւմ ես քեզ ցույց տամ, թե 20 տարի հետո դու ինչ ձևի ես լինելու, բայց դրա համար քո տան բանալին պետք է տաս ինձ, քո անձնագիրը և այլն: Այսինքն` մոտավորապես նույն պատկերն է: Ուղղակի վիրտուալի դեպքում մեր ինքնապաշտպանողական զգացողությունը նվազում է, բայց դա, փաստորեն, նույն բանն է: Փաստորեն, դու քո ամբողջ անձնական կյանքը վերցնում, նվիրում ես ինչ-որ մեկին, և շատ դեպքերում ոչ թե ինչ-որ մեկին, այլ շատերին, ով, ենթադրենք, այդ ցանկությունը հայտնում է»,- ասաց Տ. Քոչարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս