Բաժիններ՝

Նուբարաշենի աղբանոցի ոդիսականը

ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցում տեղ էին գտել Բնապահպանության նախարարությանն առնչվող էական նշանակություն ունեցող խնդիրներ և խախտումներ: Մասնավորապես, նշվում էր, որ 2005 թ. Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում ճապոնական «Շիմիձու» կորպորացիան նախատեսում էր տեղադրել էլեկտրաէներգիայի գեներատոր, որը պետք է աշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով: ՀՀ տեսանկյունից, ծրագրի ակնկալվող արդյունքն աղբի հետ կապված բնապահպանական խնդիրների լուծումն էր, ինչպես նաև՝ աղբից ստացվող էլեկտրաէներգիայի տնտեսական շահավետությունը:

Ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի շահագրգռվածությունը ծրագրի հաջող իրագործման արդյունքում ակնկալվող միջազգային բնույթի հավաստագիրն էր: Ընդ որում, ճապոնական կողմը ծրագրի շրջանակներում պատրաստվում էր ներդնել 8 մլն ԱՄՆ դոլար:

Այնուամենայնիվ, 2005-2008թթ.-ի ընթացքում համաձայնագրի կնքումը ձգձգվում է: Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարծիքը` «…նպատակահարմար չէ ծրագիրն իրագործել ամբողջ ծավալով, քանի որ «Շիմիձու» կորպորացիան կարող է ստանալ Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության մենաշնորհ», նախագիծը կրճատում և իրականացվում է առանց էլեկտրաէներգիայի արտադրության բաղադրիչի: Կենսագազի հավաքման և այրման համակարգի շահագործումը սկսվում է միայն 2009թ. տարեվերջին` նախատեսված 8 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն՝ ներդրվում է ընդամենը 2,75 մլն ԱՄՆ դոլար (նախատեսվածի 34%-ը):

Սակայն ՎՊ վերահսկողության ընթացքում պարզվեց, որ ծրագրի ավարտից հետո ճապոնական կողմն իրապես պատրաստվում էր ողջ համակարգն անհատույց կարգով փոխանցել Երևանի քաղաքապետարանին: Դա նշված էր նաև կնքվող համաձայնագրի նախագծում:

Կարդացեք նաև

Այսպիսով, իրավասու մարմինների կողմից չի ապահովվում հնարավոր ներդրումների լիարժեք իրականացումը և դրանց արդյունավետ օգտագործումը: Երևանի Նուբարաշենի աղբավայրում մինչ օրս չի լուծվել աղբի տեղադրման, վերամշակման և օգտահանման հիմնախնդիրը:

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հայտարարեց, թե Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության հայ-ճապոնական ծրագրին վերաբերող խախտումը ՀՀ ԲՆ իրավասության շրջանակներում չէ:

«Բնապահպանական տեսակետից դա շահավետ ծրագիր է»,- նկատեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս