«Թումոյի» սաները կսկսեն շատրվանների ջրի կառավարում իրականացնել (տեսանյութ)
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները կսկսեն շատրվանների ջրի կառավարման ծրագիր իրականացնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ժիրայր Պէօճէքեանը՝ նշելով, որ երեխաները շատ մեծ խանդավառությամբ են իրականացնում շատրվանների հետ կապված ծրագրերը, իսկ դրանցից մեկն արդեն իրականություն է դարձել ամիսներ առաջ: «Թումո» կենտրոնի սաները ստեղծել են շատրվանների լույսերի կառավարման ծրագիրը (տես՝ տեսանյութում.- Լ.Մ.)
«Սա ամենահետաքրքիր ծրագրերից մեկն է մեր սաների համար, և նրանք մեծ խանդավառությամբ են անում այդ ամենը, հավանաբար, քանի որ դա պարզապես երևացող արդյունք է»,- ասաց Ժ. Պէօճէքեանը՝ նշելով, սակայն, որ մինչ նման արդյունքների հասնելը, երեխաներն անցնում են տարբեր ծրագրեր՝ նախ հասկանալու, թե ինչպե՞ս է այդ ամենը աշխատում, իսկ այնուհետև փորձարկում են:
Ծրագրի ավարտի հետ կապված դեռևս հստակ ժամկետներ չկան, սակայն կենտրոնի սաներն առաջիկայում 15-օրյա դասընթացներ կանցնեն՝ շատրվանների ջրերի կառավարման համակարգ ստեղծելու ուղղությամբ: