«Ինչ լավ երկիր է Հայաստանը, ինչքան լավ բաներ են աղբը նետում, դրանք ես վերցնում եմ և որպես նյութ օգտագործում…» (տեսանյութ, լուսանկարներ)
Ասում է նկարչուհի Լուսի Աբդալյանը
Նկարչուհի Լուսի Աբդալյանն այս օրերին Հայաստանում է: Նա եկել է՝ ներկա գտնվելու ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Կաուչո» ֆիլմի պրեմիերային, որում նկարչուհին հանդես է գալիս որպես դերասանուհի: 168.am-ը բաց չթողնելով առիթը՝ որոշեց հանդիպել և զրուցել նկարչուհու հետ:
Լուսին Բեյրութում ծնվեց այն ժամանակ, երբ պատերազմը նոր էր սկսվել ու գնալով ավելի էր թեժանում: Այդ ժամանակ Կանադան պատերազմից եկող մարդկանց շատ հեշտ էր վիզաներ տալիս: Նկարչուհու ընտանիքը տեղափոխվեց Մոնթրեալ: Լուսին այն ժամանակ 4-5 տարեկան էր: Նկարչուհին ԱՄՆ-ում նախ՝ երաժշտական կրթություն է ստանում, խորանում ջազային երաժշտության մեջ, այնուհետև, քանի որ ԱՄՆ-ում երկրորդ կրթություն էլ պետք է ստանար, ընտրում է նկարչությունը:
«Փոքր տարիքից շատ էի սիրում նկարել, հայրս տանը միշտ նկարում էր, չնայած ինքը նկարիչ չէ: Երբ նա տանը չէր լինում, գնում էի նրա ներկերն էի գողանում ու սկսում նկարել (ժպտում է.- Գ.Ա.)»,- մեզ հետ զրւյցում ասում է նկարչուհին:
– Լուսի, փաստորեն նկարչությունը Ձեր առաջին մասնագիտությունը չէ, բայց տարիների ընթացքում այն դարձավ առաջինը:
– Այո, երբ նկարչության մեջ խորացա, սկսեցի ատել այն ժամանակը, որի ընթացքում ստիպված պետք է երաժշտություն պարապեի: Այդ ժամանակս կարող էի ծախսել նկարչության մեջ տեխնիկապես ավելի խորանալու համար: Իմ ներսում նկարչությունն էր ապրում:
– Հիմա երաժշտությամբ ընդհանրապե՞ս չեք զբաղվում:
– Ոչ, նույնիսկ դաշնամուրս եմ վաճառել…
– Կպատմե՞ք Ձեր video art-երի մասին: Ինչո՞ւ են սև-սպիտակ: Նկատել եմ, որ Ալբերտ Քամյուն Ձեր աշխատանքներից մեկի վրա մեծ ազդեցություն է թողել:
– Այո, այդպես է: Մի շրջան կար, երբ կյանքումս շատ փոփոխություններ էին տեղի ունենում, և դրանք ինձ «սևացնում» էին: Ալբերտ Քամյու կարդալուց հետո՝ որոշեցի վիդեո նկարել: Ընկերուհուս հետ միասին նկարեցինք՝ ցույց տալու իմ հոգում տիրող սևը: Հետո ամեն ինչ շրջեցինք, սպիտակեց… եթե մարդն իր ներսում ուժ ունի, կարող է դեպի սպիտակություն, մանկական անմեղություն վերադառնալ:
– Իսկ Ձեր նկարների հերոսներն իրականությունի՞ց են վերցված:
– Ամեն ինչ իրականությունից է, անկեղծությունից, զգացումից: Ես շատ զգայուն եմ և սիրում եմ իմպրովիզներ անել: Դիմանկարներս, կարծես, զգացումներիս վերջը լինեն, այսինքն՝ հենց նկարում-վերջացնում եմ, այդ զգացումից ազատվում եմ: Մի դիմանկար ունեմ, որի մեջ ողջ դեմքս թելով փաթաթված է, կարծես բանտի մեջ լինեմ, բայց բերանս բաց է, ուրեմն կարող եմ խոսել, աչքերս էլ են բաց, կարող եմ տեսնել, ուրեմն ո՞վ է փաթաթել: Ես ինքս ինձ եմ փաթաթել: Մի այլ նկար ունեմ, երբ լոգարանում կաթի մեջ պառկել եմ և խորհում եմ: Մայրիկիս շատ փոքր տարիքում եմ կորցրել, և կարծես կաթն ինձ մայրական հանդարտություն է բերում: Ճիշտ է՝ սև մազեր կան, բայց շուրջս սպիտակություն է, մաքրություն, մեղմություն:
– Քո աշխատանքներում մարդկանց աչքերն այնքան տխուր են երևում…
– Հաճախ են ասում, որ կերպարներիս աչքերը տխուր են: Կարող եմ ասել, որ ոչ մի դեպքում աչքերի վրա չեմ կենտրոնանում: Երբ աչքեր եմ նկարում՝ անկեղծությամբ եմ դա անում: Կարծում եմ, որ իմ ներսում շատ եմ տառապում, և այդ տառապանքն աշխատանքներումս արտահայտվում է:
Մի շրջան եղավ, երբ մեկ տարի շարունակ չէի կարողանում նկարել, որովհետև տառապանքս այնքան ուժեղ էր, և նկարներս էլ այնքան մռայլ էին ստացվում: Մարդիկ գալիս էին մեր տուն, հարցնում՝ «ինչո՞ւ այդքան տխուր են աշխատանքներդ»: Հիմա այդ տխուր աչքերը նկարում եմ բաց գույներով: Բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ մեզ մենակ ենք զգում, տխրում ենք… այդ ամեն ինչը մեր աչքերում երևում է. չէ՞ որ աչքերը հոգու պատուհաններն են, և չես կարող դա կառավարել: Եթե դու խաբելու մասնագիտություն չունես, չես կարող մարդկանց խաբել և զգացմունքներդ թաքցնել: Ինչ անում եմ՝ հոգուցս է գալիս, հոգիս է նկարում, ուղղակի արտահայտման միջոց մատներս են դառնում: Սա է իմ փիլիսոփայությունը:
– Այսինքն՝ նկարելիս տվյալ պահի քո ապրումները, զգացմունքներն արտացոլվում են աշխատանքներումդ:
– Այո: Հենց այդ ակնթարթին ինչ կատարվում է ինձ հետ, արտացոլվում է իմ աշխատանքում: Ամեն մարդ էլ դիմակներ է կրում: Օրինակ՝ զարդերը, մորուքը մարդկանց դիմակներն են: Իմ աշխատանքները կարծես self portrait-ներ լինեն, այսինքն՝ տվյալ պահի իմ դիմակներն են:
– Իսկ ի՞նչ նյութերով եք աշխատում:
– Ամեն անգամ ճամփորդելուց հետաքրքիր նյութեր եմ ընտրում: Երբ մի քանի տարի առաջ կրկին Հայաստանում էի (ամեն տարի գալիս եմ Հայաստան), ընկերուհուս հետ որոշեցինք վատ մեքենա գնել ու սկսեցինք ճանապարհորդել: Այս ճանապարհորդությունն ինձ շատ ներշնչեց և որոշեցի այդ մասին մի շարք անել: Գնեցի հայկական սուրճ և մեկնեցի ԱՄՆ: Որքան կադրեր, որոնք հիշում էի այդ ճանապարորդությունից, նկարեցի սուրճի նստվածքի միջոցով: Այդ աշխատանքները վաճառվեցին, բոլորն օտար մարդիկ գնեցին:
Ինձ համար նյութ են ծառայում նաև մեծ սկավառակները, որոնց վրա ֆոտո կոլաժներ եմ արել: Հիմա էլ հին տախտակներն են ինձ համար նյութ ծառայում: Ինչ լավ երկիր է Հայաստանը, ինչքան լավ բաներ են աղբը նետում, դրանք ես վերցնում եմ և որպես նյութ օգտագործում… (ժպտում է.- Գ.Ա.):
– Որպես արվեստագետ՝ այս տարիների ընթացքում շատ դժվարությունների հանդիպած կլինեք…
– Այո, շատ դժվարություններ են հաղթահարվել: Կցանկանայի մի դժվարության մասին խոսել: Հայերն, ինձ վրա դրական ազդեցություն ունենալուց բացի, բացասական ազդեցություն էլ են ունեցել: Հայերն ամեն ինչի մասին առաջին բառն ասում են՝ վատն է: Սա շատ վիրավորական է ոչ միայն իմ, այլև բոլոր արվեստագետների համար: Թող մարդիկ մատիտ ու գրիչ գնեն, մի բան նկարեն ու հետո ասեն, թե իմ աշխատանքները վա՞տն են, թե՞ ոչ: Ես փորձում եմ սա ևս հաղթահարել:
– Իսկ ամեն անգամ Հայաստան գնալ-գալուց մեր մեջ բնավորության այդ գծի փոփոխություն չե՞ս նկատում:
– Կարծում եմ՝ ես եմ ավելի շատ փոխվում ու ամեն անգամ նրանց տարբեր ձևով եմ նայում, կարծես ամեն անգամ տարբեր գույնի ակնոցով նայեմ: Վայ, կանաչ է այս մարդը, վայ հիմա էլ կարմիր է… իրականում ես եմ նրանց այդպես տեսնում: Տղաներն այնքան վատ արտահայտություններ կարող են իրենց թույլ տալ: Նրանց հիմա ավելի մեղմ ձևով եմ նայում, ասում եմ՝ չեն հասկանում՝ ինչ են անում: Առաջ շատ էի ջղայնանում: Նկատում եմ, որ նման երևույթները կամաց-կամաց քչանում են:
– Երևանում փոփոխություններ տեսնո՞ւմ ես:
– Այո, նույնիսկ եթե մի ամսով եմ գնում-գալիս, փոփոխություններ եմ տեսնում: Երևանը շատ է փոխվել, սիրունացել: